Մատչելիության հղումներ

Թինա Քեյդենաուն Ղարաբաղի մասին իրեն վերագրվող հայտարարությունը չի արել


Թինա Քեյդենաու

Թինա Քեյդենաու

Միացյալ Նահանգները պաշտոնապես հերքում է ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսաֆաթ» կուսակցության կայքէջի հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուի հայտարարության վերաբերյալ:

Նախօրեին «Ենի Մուսաֆաթ»-ի կայքէջը հաղորդագրություն էր զետեղել այն մասին, թե Քեյդենաուն Ադրբեջանին կոշտ վերջնագիր է ներկայացրել` պահանջելով հրաժարվել Ղարաբաղյան խնդիրն ուժային եղանակով լուծելու մտադրությունից: Ըստ այդմ, Քեյդենաուն սպառնացել էր, թե հակառակ պարագայում պաշտոնական Վաշինգտոնը կճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը:

Քեյդենաուին վերագրվող հայտարարությունը մեկնաբանելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից տրամադրեցին Բաքվում ամերիկյան դեսպանատան պարզաբանման տեքստը` տրված դեսպանության խոսնակ Թերրի Դեւիդսոնի կողմից. - «Ենի Մուսաֆաթ»-ում հրապարակված հաղորդագրության մեջ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուին վերագրվող արտահայտությունը շինծու է: Նա նման բան չի ասել: Ադրբեջանական ANS հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քեյդենաուն խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում Միացյալ Նահանգների օժանդակության պատրաստակամության մասին»:

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային վերագրվող հայտարարությունների մասին տեղեկատվություն տարածողները այն մարդիկ են, ովքեր շահագրգիռ չեն ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների սերտացմամբ:

Մուսաբեկովը պատահական չհամարեց այն հանգամանքը, որ այդ կեղծ տեղեկատվությունը տարածվում է հատկապես հիմա, երբ Միացյալ Նահանգներում է ադրբեջանական մի պատվիրակություն` փոխարտգործնախարարի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաեւ Ադրբեջանի պաշտպանության, անվտանգության եւ մի շարք այլ ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Նրանց այցի նպատակը, ադրբեջանցի քաղաքագետի փոխանցմամբ, ամերիկացի գործընկերների հետ անվտանգությանն առնչվող խնդիրների քննարկումն է:

Armenia -- Ruchard Girakosian, ACNIS, executive director, undated

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ենի Մուսաֆաթ»-ի տարածած հաղորդագրությունը վերագրեց Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները «փչացնել ցանկացող» շրջանակներին:

Կիրակոսյանը, սակայն, հետեւյալ ընդգծումն է անում. - «Տվյալ դեպքում խոսքը ոչ թե Ադրբեջանի, այլ հատկապես Իլհամ Ալիեւի ռեժիմի հետ հարաբերությունները վնասելու մասին է»:

Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակների կողմից այս կեղծ տեղեկատվության տարածումը Կիրակոսյանը հակված է դիտարկել ներքաղաքական համատեքստում: Նրա խոսքով, սա որոշ իմաստով Ադրբեջանի ընդդիմությանը խեղճացնելու, նրա ազատությունները առավելագույնս սահմանափակելու՝ Ալիեւի քաղաքականության հետեւանքն է:

«Ըստ էության, սա իրավազուրկ ընդդիմության հուսահատության արտահայտությունն է», - ասաց նա՝ հավելելով. - «Սա ուղղակի ազդանշան է Վաշինգտոնին՝ հասկացնելու համար, որ Օբամայի վարչակազմը չպետք է այսչափ բարեկամաբար տրամադրված լինի Ալիեւի կառավարության հանդեպ եւ չպետք է աջակցի նրան»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի հնարավոր ուժային լուծման հանդեպ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը, ապա, Կիրակոսյանի հիշեցրեց, որ այդ դիրքորոշումը վաղուց հայտնի է. - «Վրաց-ռուսական պատերազմից հետո ԱՄՆ-ը մեկ անգամ չէ, որ Բաքվին ամենատարբեր առիթներով ուղերձներ է հղել՝ հարցի ուժային լուծման հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին»:
XS
SM
MD
LG