Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունում ավարտվել է Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այս տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, եւ գործը ուղարկվել է դատարան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Քրեական օրենսգրքի 285 հոդվածի հատկանիշներով` «վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը», մեղադրանք է առաջադրվել գործարանի արտադրության պետի, արտադրամասի պետի եւ հերթափոխի պետ նկատմամբ:

«Նաիրիտ»-ի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի նախաքննության ավարտի մասին իրենց պաշտոնապես չեն տեղեկացրել:

«Եվ քանի դեռ չենք ստացել այդ տեղեկատվությունը, որեւէ բան հրապարակելու իրավունք չունենք: Մեր հանձնաժողովների եզրակացությունները՝ նույնպես», - հավելեց Հարությունյանը:

Հարցին, թե կա արդյոք ընդհանրություն առաջադրված մեղադրանքի եւ ընկերության մասնագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ, նա պատասխանեց. - «Ես նույնիսկ մեր հանձնաժողովի եզրակացությանը տեղյակ չեմ եւ իրավունք էլ չունեի տեղեկանալու, որովհետեւ դա փակ փաստաթուղթ է եւ կբացվի միայն այն դեպքում, երբ մեզ կուղարկեն նախաքննության եզրակացությունը»:

Հիշյալ հոդվածով սահմանված է 2-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

«Նաիրիտ»-ի քլորոպրենի արտադրամասում մայիսին տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։

Քլորոպրենի արտադրամասը պայթյունի հետեւանքով ավերվել էր, ինչի հետեւանքով կաթվածահար էին եղել ընկերության աշխատանքները:

Իսկ այժմ, ինչպես փոխանցեց Անուշ Հարությունյանը, արդեն ստացվել է առաջին 20 տոննա քլորոպրենը. - «Դա նշանակում է, որ գործարանը սկսել է արտադրության վերականգնման գործընթացը: Աստիճանաբար բոլոր արտադրամասերը գործարկվում են»:
XS
SM
MD
LG