Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում քննարկվում է դաշնակցական պատգամավորի հայտարարությունը


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը

Լեռնային Ղարաբաղի քաղաքական վերնախավը ակտիվորեն քննարկում է վերջերս խորհրդարանում պատգամավոր (ՀՅԴ) Արմեն Սարգսյանի հայտարարությունը։

Անցած շաբաթ Սարգսյանը ասել էր. - «Ես խոսքս ուղղում եմ իրավապահ մարմիններին եւ առաջարկում. բոլոր այն քաղաքացիները, ովքեր փոխզիջման կամ այլ տարբերակների տակ խոսում են, կասկածի տակ են դնում մեր տերիտորիալ ամբողջականությունը, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որովհետեւ սրանք ոչ թե այլակարծության կամ դեմոկրատիայի դրսեւորումներ են, այլ հակասահմանադրական քայլ է, եւ հակասահմանադրական քայլը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»։

Կան մարդիկ, ովքեր անհիմն եւ «պոպուլիստական» են որակում այս հայտարարությունը։ Մյուսները համոզված են, որ հայտարարության մեջ նորություն չկա, քանի որ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը թույլ է տալիս խոսել տարածքների զիջման մասին։

«Մինչեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը եւ սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո», - ասված է Լեռնային Ղարաբաղի սահմանադրության 142-րդ հոդվածում:

«Եթե մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական կարգավորման մասին, ապա առանց փոխզիջման ոչ մի կարգավորում էլ չի լինելու», - Սարգսյանի հայտարարության առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը:

«Արցախատուն» խմբակցության պատգամավոր Ռուդոլֆ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. - «Աբսուրդ կլինի, որ մենք նման հոդված մտցնենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքում: Ինքնին մեր տարածքային ամբողջականության ուրացումը ենթադրում է նաեւ կասկածանք մեր տարածքային ամբողջականության փաստացի գոյության նկատմամբ»:

Քաղաքագետ Դավիթ Բաբայանը ողջունեց Արմեն Սարգսյանի հայտարարությունը. - «Այս հայտարարությամբ Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ կարեւորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG