Մատչելիության հղումներ

Արմեն Ալավերդյան. «Բնական է, որ խոշոր բիզնեսը ներկայացնող պատգամավորները իրենք իրենց լոբբիզմը պետք է անեն»


Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս ընդունված հարկային օրենսդրական փաթեթի, մասնավորապես` հարկային ներկայացուցչի ինստիտուտի մասին, հայտարարեց, որ բիզնես-շահեր հետապնդող պատգամավորների ազդեցության հետեւանքով ընդունվել է փաթեթի փոխզիջումային տարբերակ։

«Բնական է, որ այն պատգամավորները, ովքեր Ազգային ժողովում են եւ ներկայացնում են խոշոր բիզնեսը՝ կամ իրենք ունեն, կամ բաժնետեր են, շատ բնական է, որ իրենք իրենց լոբբիզմը պետք է անեն։ Պետք է մենք դրան սովորենք, մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Կառավարությունը պետք է ինքը կարողանա այդ լոբբիզմի դեմ պայքարել, եթե լուրջ հիմնավորումներ ունի», - ասաց Արմեն Ալավերդյանը։

Կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ընդունված օրենքով նախատեսվում է խոշոր հարկատուների մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակել` հսկողություն իրականացնելու համար։

Օրինագծի սկզբնական տարբերակում հարկային ներկայացուցչի վարչարարական հնարավորությունները անհամեմատ շատ էին. պետական այդ պաշտոնյան հնարավորություն էր ստանում հսկել առաքումները, գները, մատակարարների հասցեները, ինչպես նաեւ մտնել արտադրություն։ Արմեն Ալավերդյանի խոսքով, խորհրդարանում փաթեթի շուրջ կայացած քննարկումների ժամանակ լուրջ մտավախություն է հնչեցվել, թե հարկային ներկայացուցչի ներկայությունը խոշոր արտադրություններում կարող է կոռուպցիոն մեծ ռիսկեր առաջացնել, ուստի կառավարությունը փոխեց այդ դրույթը։

«Կազմակերպության ամբողջ ֆինանսական, արտադրական պոտենցիալը գնահատելու համար անպայման պետք է մտնել արտադրություն, շփվել նրա արտադրական ե'ւ գործընթացների, ե'ւ գաղտնիքների հետը, ինչը տնտեսվարող սուբյեկտների համար կարող էր խոչընդոտներ ստեղծել արտադրության պրոցեսը կազմակերպելիս։ Այդ ռիսկից պաշտպանվելու համար էլ որոշվեց, որ հարկային ներկայացուցիչը պետք է արտադրություն չմտնի», - պարզաբանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը։

«Կառավարությունը ներկայացրել էր առավելագույն տարբերակը։ Ազգային ժողովի հետ քննարկումների ընթացքում մենք միջին տարբերակին կանգ առանք», - եզրափակեց Արմեն Ալավերդյանը։
XS
SM
MD
LG