Մատչելիության հղումներ

«Հայ - թուրքական գործընթացը Ղարաբաղի հետ կապելու ձգտումը որոշակի թույլատրվածության արդյունք է»


Հայ - թուրքական գործընթացը Ղարաբաղյան խնդրի հետ կապելու` պաշտոնական Անկարայի ձգտումը որոշակի թույլատրվածության արդյունք է: Եվրոպա կատարած երկշաբաթյա ուղեւորության ընթացքում այս տպավորությունն է ստացել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ուղեւորությունից օրերս վերադարձած Սաֆարյանը, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի ու այլ ազդեցիկ կառույցների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ համարում են, որ «այնուամենայնիվ, այո, շատ հասկանալի եւ բնական կլինի, եթե Թուրքիան վավերացնի այդ պայմանագրերը այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ հարաբերություններում` Ղարաբաղյան հակամարտության հարցում, արձանագրվի դրական դինամիզմ»:

«Այսինքն, որքան էլ եվրոպական տարբեր պաշտոնյաներ հայտարարում են այս երկու գործընթացների չփոխկապակցվածության մասին, որոշ հանդիպումներում, որպես մասնավոր կարծիքներ, չէր թաքցվում, որ Թուրքիայի կողմից դա միանգամայն հասկանալի, իր պատճառները ունեցող վարքագիծ է, եւ, բնականաբար, այդպես պետք է լինի», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Եվ, ըստ Ստյոպա Սաֆարյանի, հայկական կողմը հարկադրված է առաջ շարժվելու համար գնալ զիջումների Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ նրա, Հայաստանի վարած սխալ դիվանագիտության արդյունքում ադրբեջանական տերմինաբանությունը` «օկուպացված» տարածքների մասին, մտավ կիրառության մեջ, եւ Եվրոպայում էլ հաճախ խոսում են նույն տերմինաբանությամբ:

Սաֆարյանի վկայությամբ` եվրոպական կառույցների պաշտոնյաները հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդհանուր առմամբ ողջունում էին, սակայն նաեւ կիսում էին «Ժառանգություն» կուսակցության մտահոգությունները, թե հայ - թուրքական արձանագրությունները լուրջ թերություններ ունեն:

«Մշտապես հանդիպումների ընթացքում իմ կողմից որպես գնահատական կամ ինդիկատոր, ցուցանիշ դրվում էր այդ հարցը` «ինչպե՞ս կվերաբերվեք այնպիսի արձանագրությունների, որոնք յուրաքանչյուր կողմը կարդալով` տարբեր բան է հասկանում եւ տարբեր բան է բարձրաձայնում: Բոլորը միանշանակ պնդում էին, որ դա վատ բանակցության արդյունք է», - պատմեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ստյոպա Սաֆարյանը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է նաեւ Հայաստանի ներքին ժողովրդավարությանը վերաբերող խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG