Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Նյու Յորքի բնակիչները քաղաքապետ են ընտրելու: Միացյալ Նահանգների ֆինանսական ու մշակութային խոշորագույն կենտրոնի կառավարումը ստանձնելու համար պայքարում են գործող քաղաքապետ Մայքլ Բլումբերգը եւ Նյու Յորքի քաղաքային ֆինանսները վերահսկող մարմնի ղեկավար, դեմոկրատ Բիլ Թոմսոնը:

Թոմսոնի թեկնածությանը իրենց աջակցությունն են հայտնել Դեմոկրատական կուսակցության բոլոր առաջատար գործիչները` այդ թվում նախագահ Բարաք Օբաման:

Սոցիոլոգները, սակայն, համոզված են, որ այդ աջակցությունը աֆրոամերիկացի Թոմսոնին չի օգնի: Վերջին սոցհարցումները վկայում են, որ դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկելու է նյույորքցի ընտրողների 38, իսկ Բլումբերգի օգտին` 53 տոկոսը:

2008 թվականի աշնանը Բլումբերգի ճնշման ներքո Նյու Յորքի քաղաքային խորհուրդը փոխեց քաղաքապետի ընտրության կարգը` քաղաքային վարչակազմի գործող ղեկավարին թույլ տալով երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում:

Ամերիկացի վերլուծաբաններից շատերը Մայքլ Բլումբերգին բնութագրում են որպես երկրի քաղաքական դաշտի թիվ մեկ պատեհապաշտը` հիշելով նրա անցած քաղաքական ուղին: Նյու Յորքի ներկայիս քաղաքապետը երկար տարիներ Դեմոկրատական կուսակցության անդամ էր: 2001-ին սակայն, երբ Բլումբերգը որոշում է պայքարել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոն համար, նա լքում է դեմոկրատների շարքերը` անդամակցելով այն ժամանակվա իշխող Հանրապետական կուսակցությանը: Անցած տարի, երբ պարզ դարձավ, որ հանրապետականները կորցնում են Սպիտակ տան վերահսկողությունը, Բլումբերգը հեռացավ նաեւ այդ կուսակցությունից` իրեն հռչակելով անկախ քաղաքական գործիչ:

Ամերիկյան լրատվամիջոցները, խոսելով գործող քաղաքապետի գրեթե անխուսափելի հաղթանակի մասին, չեն շրջանցում նաեւ ընտրարշավի ֆինանսական կողմը: Ամերիկյան պարբերականները նշում են, որ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Բլումբերգը քարոզարշավի ընթացքում իր անձնական միջոցներից ծախսել է շուրջ 86 միլիոն դոլար: Նրա դեմոկրատ հակառակորդի ծախսերը անհամեմատ ավելի համեստ են` մոտ 5 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG