Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդումներ է հեռարձակում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն

«Ազատություն» ռադիոկայանը երկուշաբթի օրվանից սկսել է կարճ ալիքներով հեռարձակել նոր հաղորդումներ, որոնք հասցեագրված են Վրաստանի անջատողական տարածքների` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ունկնդիրներին։

Մեկ ժամ տեւողությամբ ռուսերեն ամենօրյա ծրագիրն ունկնդրին մատուցում է լուրեր եւ ռեպորտաժներ, քննարկումներ։ Հաղորդումները պատրաստում են «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, ինչպես նաեւ Վրաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Ռուսաստանում աշխատող լրագրողները։

«Նոր ծրագրի հիմնական նպատակն է տեղեկատվություն փոխանցել այդ երկու ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին Աբխազիայում, Հարավային Օսիայում, ամբողջ Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաեւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեն` հավելելով.- «Բանն այն է, որ ինֆորմացիան այդ շրջաններ է հասնում չափազանց սահմանափակ ձեւով, որպես բացահայտ պրոպագանդա` ռուսաստանյան լրատվամիջոցների մատուցմամբ»։

Պատասխանելով այն հարցին` արդյոք բուն անջատողական տարածքներում աշխատող լրագրողներին վտանգ չի՞ սպառնում, «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության ղեկավարը հույս հայտնեց, որ տեղական իշխանությունները, այնուամենայնիվ, չեն հետապնդի նրանց։

Նույն օրը սկսել է աշխատել նաեւ «Կովկասյան արձագանք»` www.ekhokavkaza.com ինտերնետային կայքէջը։

Դավիթ Կակաբաձեի փոխանցմամբ` նոր ծրագրերի նպատակն է նպաստել տարածաշրջանում ազգերի հաշտությանը, կամրջի դեր կատարել տեղի ունեցող գործընթացների հանդեպ իրարամերժ հայացքներ ունեցող մարդկանց համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG