Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 3-ի մամուլ


«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Հայ-թուրքական սահմանի բացման առիթով այժմ բոլորը սկսեցին խոսել 70 միլիոնանոց հսկայական հարեւան շուկայի մասին: Սակայն, բացառությամբ հայկական էլեկտրաէներգիայի եւ հատուկենտ բարձր տեխնոլոգիական արտադրանքների, դժվար թե մենք կարողանանք ինչ-որ բանով հետաքրքրել թուրքական շուկային, որը նշանակալի չափով ինքնաբավ է: Մի խումբ փորձագետներ էլ գտնում են, որ սահմանի բացման հետ կապված հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի թռիչք ամենեւին պետք է չէ ակնկալել: Ավելին՝ հայկական տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունները կարող են ավելի նեղանալ, օրինակ՝ թուրքական էժան գյուղմթերքները ի վիճակի են պրոբլեմներ ստեղծել Հայաստանի ագրարային հատվածի համար»:

Նույն խնդրով «Իրավունք de facto»-ին տված հարցազրույցում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ասում է. - «Սահմանի բացումը, անշուշտ, բերելու է երկրի տնտեսական կյանքի աշխուժացում, ձեռներեցության ընդլայնում, այդ թվում եւ` մայրաքաղաքում։ Դրանում անմիջապես կհամոզվենք սահմանները բացվելուց հետո։ Կասկածի ենթակա չէ մեր երկրի համար սահմանների բացման անհրաժեշտությունը։ Բայց այսօր կան մեկնաբանություններ, որոնք փաստաթուղթ չեն, արձանագրված չեն, սակայն լայնորեն շրջանառվում են։ Այդ թվում այլ երկրի ղեկավարների արած բանավոր հայտարարությունները՝ կատարված այլեւայլ նպատակներով, այլեւայլ լսարանների համար։ Անհնար է հարցականի տակ դնել այնպիսի քաղաքական գործչի, երկրի ղեկավարի տարիներով փաստված հիմնարար արժանիքները, ինչպիսին Սերժ Սարգսյանն է։ Ոչ ոք թող չհավատացնի, թե հանրապետության նախագահից ավելի է սիրում մեր երկիրը կամ Ղարաբաղը»։

Թուրք քաղաքագետների հետ իր շփումների եզրակացություններն է «Հայոց Աշխարհ»-ին ներկայացրել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը. - «Լավ նորությունն այն է, որ թուրքական կողմը, չնայած «ադրբեջանական տարածքներից» հայկական ուժերը դուրս բերելու վերաբերյալ բոլոր հայտարարություններին, իրականում չի սպասում որեւէ լուրջ զարգացում Լեռնային Ղարաբաղի հետ կապված, բայց ակնկալում է ինչ-որ տեղաշարժ, որ թույլ կտար խոսել առաջընթացի, զարգացման մասին։ Այսինքն՝ Թուրքիան այնքան էլ անկեղծ չէ Ղարաբաղի հետ կապված իր պահանջներում։ Սա յուրատեսակ փորձություն է՝ տեստ, որի միջոցով թուրքական կողմը փորձում է ստուգել Հայաստանի «ամրության պաշարը»։ Առաջին տեստը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությունն էր, որտեղ Թուրքիան փորձեց ստուգել Հայաստանի արձագանքը եւ «շոշափել» միջազգային հանրության տրամադրությունները»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Եթե նույնիսկ ամեն ինչ տեղի ունենա մեր ուզածով, կարգավորումն իրականացվելու է այսպես. հայկական զորքերը դուրս են բերվելու Ղարաբաղի հարակից 5 շրջաններից, հետո տեղի է ունենալու հանրաքվե, Ղարաբաղի ժողովուրդը կողմ է արտահայտվելու անկախությանը, ամբողջ աշխարհը եռօրյա ժամկետում ճանաչելու է այդ անկախությունը, դրանից հետո ադրբեջանցիներին է վերադարձվելու Քելբաջարը, իսկ Լաչինը մնալու է միջազգային ուժերի հսկողության ներքո: Բայց արի ու տես, որ նույնիսկ Հայաստանի համար իդեալական տարբերակը ընդունելի չէ հայկական կողմի համար: Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք ազատագրված տարածքներ չունեն, իրենք ունեն Լեռնային Ղարաբաղի տարածք, որի շուրջ սակարկություններն անընդունելի են: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանն իզուր է բանակցություններ վարում. եթե նույնիսկ հասնի իր համար իդեալական տարբերակին, դա, միեւնույն է, Ղարաբաղի համար անընդունելի է լինելու: Իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ հայկական կողմի համար միանշանակ ընդունելի տարբերակը ստատուս քվոյի պահպանումն է, ընդ որում՝ այն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է հենց այդ ստատուս քվոյի դեմ»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Շատ հետաքրքիր կառույցի է վերածվել Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւավորած Հայ ազգային կոնգրեսը: Ովքե՞ր են այստեղ որոշում կայացնում, ի՞նչ սկզբունքներով, Կոնգրեսի անդամ կուսակցությունները մասնակցո՞ւմ են արդյոք որոշումների կայացմանը: Այս հարցերին Կոնգրեսը չի պատասխանում՝ ներքին խոհանոցը հասարակության առաջ չեն բացում… Կոնգրեսի գործողությունների մեջ հակասություններ կան. եթե որդեգրել են նախագահից ցածր որեւէ համապետական ընտրության չմասնակցելու մարտավարությունը, ապա ինչո՞ւ է դա տեղ-տեղ աշխատում կամ ոմանց դեպքում աշխատում է, ոմանց դեպքում՝ ոչ: Մի՞թե պարզ չէ, որ նման մեծ ամբիցիաներով եւ փոքր հնարավորություններով հեռու չես գնա: Արդյո՞ք փոքր քայլերով տարած հաղթանակները ավելի արագ ու հեշտ չեն մոտեցնի իրենց իսկ նախանշած վերջնանպատակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG