Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչումից»


Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից:

Սերժ Սարգսյանը հարցին անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովի մասնակիցների հարցերին:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը եւ պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ:

Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, եւ համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր:

Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Նախագահը մեկ անգամ եւս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որեւէ ձեւով միմյանց հետ չեն կապվում: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով եւ հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսին լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տեւական կայուն խաղաղություն ու զարգացում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարած ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG