Մատչելիության հղումներ

Խորհրդարանում շարունակվում են 2010-ի բյուջեի նախագծի քննարկումները


Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում երկուշաբթի օրը շարունակվեցին 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։

Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ 2010 թվականին, 2009-ի համեմատ, պետական կառավարման ծախսերը կնվազեն 7 տոկոսով։ Կառավարման ոլորտի աշխատակիցների թիվը նույնպես կնվազի` 366-ով:

Պետական ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը կավելանա 8 հազար դրամով եւ կկազմի 149 հազար դրամ։ Կառավարությունն առաջարկում է 2009-ին պաշտոնյաներին հատկացվող օրական 10 լիտր բենզինի փոխարեն հաջորդ տարի տալ 5 լիտր։

Ազգային ժողովի պատգամավորները, սակայն, առավելապես հետաքրքրված են գործուղումների ծախսերով։ Խնդիրը բարձրաձայնեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը. - «ԱՊՀ երկրներում 20 դոլար է օրապահիկը: 20 դոլարով մեր պետական պաշտոնյան պետք է օդանավակայանից հասնի քաղաք, [հոգա] օրվա սնունդը, քաղաքում տրանսպորտային ծախսերը եւ այլն: Իրականում կոռուպցիայի հիմք ենք մենք ստեղծում»:

Ֆինանսների փոխնախարարը բացատրեց. - «Մնացած երկրներում գործուղման ծախսերը ոչ թե տալիս են մարդուն, ասում՝ ամբողջ օրը դու կգնաս, հաց կուտես, ման կգաս… Ասում են ընդամենը հետեւյալը՝ պետությունը քեզ փոխհատուցում է տալիս»:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւս դժգոհեց գործուղումների համար սահմանված գումարի չափից: Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` արտերկրում, գործուղումների ժամանակ քարոզչություն իրականացնելու վերաբերյալ։ Ղարիբջանյանը անբավարար համարեց նաեւ Ազգային ժողովի նոր մասնաշենքի կահավորումը՝ նշելով. - «Բայց Ազգային ժողովի աշխատակազմի վիճակն այնպիսին է, որ մենք չենք կարողանում բավարարել աշխատանքային գործունեությունը ապահովելու համար միջոցներ»:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարեց, որ 2009-ի համեմատ նախագահականի ծախսերը նվազելու են 25 տոկոսով։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն ասաց, թե ստիպված է համակերպվել կառավարության առանձնացրած հատկացման հետ։

Գոհունակություն հայտնողների շարքում էին Քաղծառայության խորհրդի, Վերահսկիչ պալատի, Դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։

2010 թվականի բյուջեի հատկացումների համար իրենց գործընկերների անունից կառավարությանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մարզպետները։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանն ընդգծեց հարկատուների ապահոված բյուջեի ոչ համարժեք բաշխման խնդիրը. - ՙՀՀ Կենտրոնական բանկի գործառնական եւ վարչական ծախսերը ավելի շատ են, քան թե ՀՀ 926 համայնքների գումարային փողերը: Այսինքն` երկիր գոյություն չունի՞. մի պետական մարմնի փողերը ավելի շատ են՚:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG