Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսագետը իրատեսական չի համարում 2010-ի պետբյուջեի նախագիծը


Կառավարության ներկայացրած գալիք տարվա պետբյուջեի նախագիծը իրատեսական չէ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով` այս կառավարության հեղինակած ծրագրերի մի մեծ մասը ի վերջո չեն իրականանում` թե' բյուջետային ծրագրերը, թե' Հայաստանը տարաբնույթ միջազգային կենտրոններ դարձնելու նախագծերը, եւ «ադ փորձից ելնելով, նաեւ ելնելով այն թվերից, որոնք դրված են բյուջեի հիմքում` այո, կարելի է ասել, որ սա ոչ իրատեսական եւ ավելի շատ հաշվապահական մատյան հիշեցնող բյուջե է»:

«Այսինքն, փորձելու են ինչ-որ ծախսեր անել, որոնք անհետաձգելի են, եւ ըստ այդմ էլ փորձելու են գումարներ հավաքել», - մանրամասնեց տնտեսագետը:

Թեւանյանը ներկայացրեց մի քանի դիտարկումներ եւ հատկապես առանձնացրեց այն հանգամանքը, որ Հայաստանի գալիք տարվա բյուջեն, ըստ նրա, փաստորեն հիմնված է լինելու ոչ թե երկրի տնտեսության առաջընթացի, այլ դրսից վարկերի, փոխանցումների կամ օժանդակությունների տեսքով եկող ֆինանսական միջոցների վրա:

«Այս տարի որ ներկայացվել է հաջորդ տարվա բյուջեն` հույսը դրված է դրսի միջոցների վրա, իսկ այդ պարագայում խոսել` ինչքանով է արդյունավետ բյուջետային քաղաքականությունը սպասվում, կամ ինչքանով կարելի է դրական կամ բացասական գնահատել` մի քիչ ավելի դժվար է այն առումով, որ դրսի գումարների վրա է հույսը դրված, ինչը խոսում է, որ կապ չունի, թե ինչ քաղաքականություն կվարվի, կարեւորը` դրսից գումարները գան», - ասաց նա:

«Ճգնաժամի դասը հաշվի առնելով` ինչքանո՞վ են իրատեսական իշխանությունների, կառավարության ցանկությունը կամ նախաձեռնությունը` դիվերսիֆիկացնել տնտեսությունը», - այս հարցին Անդրանիկ Թեւանյանը արձագանքեց. - «Ես, համենայն դեպս, բյուջետային քաղաքականության կտրվածքով դա չեմ տեսնում, որովհետեւ բյուջեն, ինչպես ասացի, հաշվապահական մատյան է հիշեցնում` ընդամենը ծախսեր - եկամուտներ: Այսինքն` քաղաքականություն ես այնտեղ չեմ տեսնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG