Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը այցելում է Մոսկվա


Կիրակի օրը Մոսկվա է ժամանել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը, ով այսօր հանդիպելու է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Վերջին հինգ տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի մակարդակով այցելություն չէր կատարվել Ռուսաստան: Պաշտոնական Լոնդոնի եւ Մոսկվայի հարաբերությունները սառել էին Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունից հետո, ինչպես նաեւ ռուս - վրացական պատերազմի պատճառով:

Սա Միլիբենդի առաջին այցելությունն է Ռուսաստան: Նա ասել է, թե Մոսկվա է մեկնում` վերաբեռնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես Միացյալ Նահանգները: Իսկ իր բլոգում նա գրել է. - «Միշտ չէ, որ մենք դեմ-դիմաց հանդիպում ենք Ռուսաստանի հետ, բայց կան որոշ ընդհանուր մարտահրավերներ, ու կարեւոր է, որ մենք դրանց դեմ միասին աշխատենք»:

Վրաստանին վերաբերող խնդիրների կապակցությամբ Միլիբենդը ասել է, թե Վրաստանի եւ Ուկրաինայի ինտեգրումը Հյուսիսատլանտյան դաշինքին չի սպառնում Ռուսաստանի շահերին:

Միլիբենդը նաեւ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան չի աջակցում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG