Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանի կառավարությունը պետք է սովորի կառավարել, ոչ թե ղեկավարել»


Ռիչարդ Կիրակոսյան

Ռիչարդ Կիրակոսյան

Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնը նոր գիրք է հրապարակել, որը անդրադառնում է Եվրոպային հարեւան երկների ժողովրդավարության իրավիճակին: Հայաստանի մասով հրապարակումը գրել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Հրապարակման վերջին մասում, որը կոչվում է «Հետընտրական ճգնաժամի հետեւանքները», հեղինակը նշում է, որ «Հայաստանում հետընտրական ճգնաժամը, 2008 թվականի նախագահական ընտրություններում ցույցերի ալիքից ու հանրային դժգոհություններից հետո, հիմա երեք միտում է դրսեւորում»:

Առաջին. ճգնաժամը մնում է չլուծված: Նախընտրական իրավիճակին վերադառնալու հավանականությունը փոքր է: Հայաստանի ժողովուրդը ցուցաբերել է քաղաքացիական լիազորությունների նոր արժեքներ:

Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանի քաղաքական համակարգը համարում ոչ թափանցիկ ու փակ: Այսպիսի փակ համակարգում մեխանիզմներ չկան քաղաքական անհամաձայնություններ արտահայտելու համար, ինչը ուժեղացնում է գլխավոր լարվածությունը եւ լիցք տալիս ավելի արմատական քաղաքական հայացքներին:

Հետընտրական ճգնաժամի երկրորդ հետեւանքը. ճգնաժամը ցույց տվեց դժգոհության, հիասթափության ու զայրույթի մակարդակի բարձրացում` ստեղծված անհավասարության հանդեպ, հարստության, եկամուտների, նաեւ իշխանության անհավասարության հանդեպ, որ կա այսօրվա Հայաստանում:

Եվ երրորդ, գրում է Ռիչարդ Կիրակոսյանը, ճգնաժամը առաջացրեց նոր փուլ Հայաստանի քաղաքականությունում` բարեփոխումների ու առաջընթացի պահանջներով:

Սա մարտահրավեր է Հայաստանի իշխանությունների համար` առաջ շարժվելու դեպի ավելի հրապարակային ու արդար քաղաքական համակարգ, հիմնված համաձայնության եւ պատասխանատվության վրա, այլ ոչ թե հաստատվել վախով ու բռնաճնշումներով, նշում է վերլուծաբանը:

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը հիմա պետք է երկիրը կառավարել սովորի, այլ ոչ թե երկիրը ղեկավարել:

Այսպիսով, քանի որ քաղաքական ճգնաժամը հեռու է լուծվելուց, եւ ինչպես երեւում է` այն կշարունակվի, դեռեւս շատ իրական շանս կա աննախադեպ փոփոխությունների համար, հնարավորություն` ամփոփելու Հայաստանի քաղաքականության այս փուլի վերջին էջը, կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը:

Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնը ժողովրդավարության իրավիճակի մասին գիրքը կազմել է երեք խմբի երկրների փորձագետների օգնությամբ: Առաջինում Եվրամիությանը նոր անդամակցած արեւելաեվրոպական կամ Եվրամիությանը մոտ երկրներ են` Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան եւ Թուրքիան, երկրորդում` ԱՊՀ-ի եւ հետխորհրդային երկրներ` Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը եւ Բելառուսը, երրորդ խմբում Միջերկրականի հարավային արաբական երկրներ են` Մարոկկոն, Ալժիրը եւ Եգիպտոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG