Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ-ի վարչապետ. «Սերժ Սարգսյանի կողմից Աղդամը հանձնելու մասին խոսակցությունները հերյուրանքներ են»


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, շաբաթ օրը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, տեղեկացրեց, որ Աղդամը Մարտակերտի հետ կապող ճանապարհը կառուցվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, ինչը, ըստ վարչապետի՝ «ապացուցում է, որ Սերժ Սարգսյանի կողմից Աղդամը հանձնելու մասին խոսակցությունները հերյուրանքներ են, որոշ մարդկանց համար ձեռնտու հայտարարություններ»։

Հայաստանի նախագահի Լեռնային Ղարաբաղ կատարած վերջին այցից հետո մամուլում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե իբր Ղարաբաղի պաշտպանության բանակի սպայակազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել է Աղդամը հանձնելու մասին։

«Մենք իրավունք չունենք կասկածելու, որ Հայաստանի Հանրապետության նախագահի վերջին քսան տարվա գործունեության արդյունքում, նա ինչ-որ տեղ կարող է հակահայկական կամ Արցախի հանդեպ ինչ-որ սխալ քայլ կատարել», - հայտարարեց Արա Հարությունյանը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հավատում է եւ վստահ է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կատարած ցանկացած քայլ՝ «հաշվարկված է, մտածված է, ուսումնասիրված է, որից հետո արդեն իսկ նա [այդ քայլերը] իրականացնում է»։

Հարցին, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ սահմանի բացման հնարավորությանը, ինչպես նաեւ Ղարաբաղի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությանը, վարչապետը պատասխանեց. - «Հայ թուրքական հարաբերությունների բարելավման համար, մենք բոլորս գիտակցում ենք, որ դա միակ ճանապարհն է, որ թույլ է տալու երկրի զարգացում, բայց, իհարկե, առանց նախապայմանների»։

Արա Հարությունյանը նշեց, որ սահմանի բացումը չի նշանակում պայմանների, պահանջների ընդունում։

«Գտնում ենք, որ հետագայում, երբ որ աշխատի սահմանը, այն խթան է հանդիսանալու Հայաստանի տնտեսության զարգացման համար, իսկ Հայաստանի տնտեսության զարգացումը դա, միանշանակ, Արցախի տնտեսական զարգացումն է իր մեջ պարունակում», - ընդգծեց Լեռնային Ղարաբաղի վարչապետը։

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ Արա Հարությունյանը կրկին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում չեն պատրաստվում տարածք զիջել։

«Մադրիդյան փաստաթուղթը չի կարող մեզ համար լինել փաստաթուղթ», - շեշտեց Լեռնային Ղարբաղի վարչապետ Արա Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG