Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ». «Թուրքերը վերադառնում են Մերձավոր Արեւելք որպես դիվանագետներ եւ գործարարներ»


«Նայելով արեւելք եւ հարավ» վերնագրված հոդվածում «Էկոնոմիստ»-ը գրում է, որ 1000 տարի առաջ թուրքերը Կենտրոնական Ասիայից տեղափոխվել են Մերձավոր Արեւելք, հասել են Անատոլիա։ Հազարամյակի կեսը նրանք են եղել տարածաշրջանի առաջատար պետությունը։

Հոդվածում նշվում է, որ երբ Օսմանյան կայսրությունը լուծարվել է՝ 1923 թվականին, Քեմալ Աթաթուրքի հիմնադրած աշխարհիկ հանրապետությունը սկսել է որոշ չափով սառեցնել հարաբերությունները նախկին գաղութների հետ՝ փոխարենը ձգտելով դեպի Եվրոպա։ Իսկ «սառը պատերազմի» տարիներին Անկարան ամուր դաշինք կնքեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

«Բայց հիմա, Եվրամիությանն անդամակցելու հարցում եվրոպացիների խուսանավումներից դառնացած, թուրքերը վերանայում են արաբ հարեւանների հետ հակամարտ քաղաքականությունը եւ վերադառնում են Մերձավոր Արեւելք` որպես դիվանագետներ եւ գործարարներ», - գրում է «Էկոնոմիստ»-ը։ - «Այդ հնարավորությունն են ընձեռում արաբական երկրների անմիջական հարեւան լինելու հանգամանքը, Թուրքիայի տնտեսական հզորությունը, ինչպես նաեւ Թուրքիայում իսլամական տրամադրությունների որոշակի վերականգնումը, ինչը դրական արձագանք է գտնում մահմեդական երկրներում»։

«Անցած 7 տարում թուրքական ապրանքների արտահանումը Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա 7 անգամ աճել է եւ հասել է 31 միլիարդ դոլարի։ Թուրքերն արտահանում են զանազան ապրանքներ` ավտոմեքենաներից մինչեւ սպասք, չորացրած մրգեր ու հեռուստասերիալներ, եւ այդ ամենը ժողովրդականություն է վայելում Ալժիրից մինչեւ Իրան», - ասված է հոդվածում։ - «Թուրքիան արդեն տարանցիկ երկիր է էներգակիրների փոխադրման հարցում եւ հիմա էլ կարեւոր դեր է կատարելու 11 միլիարդ 700 միլիոն դոլար արժողությամբ «Նաբուկո» ծրագրում։ Թուրքական «ԹԱՎ» ընկերությունն ավարտել է Կահիրեի միջազգային օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը, նոր օդանավակայաններ են կառուցում Լիբիայում, Քաթարում, Թունիսում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Թուրքերը ենթակառուցվածքներ են ստեղծում Իրաքի քրդաբնակ շրջաններում, կառուցում են խանութներ, հյուրանոցներ եւ նույնիսկ դպրոցներ»։

Նշելով, որ Թուրքիան տարածաշրջանում նաեւ դիվանագիտական աշխատանք է ծավալել, «Էկոնոմիստ»-ը գրում է Ռեջեփ Թայիբ Էրդողանի Իրան կատարած այցի մասին. - «Անկարան պնդել է, որ Իրանն ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագիր իրականացնելու իրավունք, շնորհավորել է Մահմուդ Ահմադինեջադին նախագահական վիճահարույց ընտրություններում հաղթող ճանաչվելու կապակցությամբ»։

«Էկոնոմիստ»-ը որպես թուրքական դիվանագիտության որդեգրած «հարեւանների հետ զրո խնդիր» հայեցակարգի իրագործման օրինակ է համարում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու փորձերը: Հայեցակարգը իրականացվում է 2002 թվականից` այն պահից, երբ «չափավոր, արդիականացված իսլամիզմ» դավանող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը» կառավարություն է կազմել։

Հոդվածում նշվում է, որ արաբական աշխարհի եւ Իրանի հետ ջերմ կապեր ապահովելու՝ Անկարայի կուրսը մթագնում է միայն մեկ հանգամանք` Իսրայելի հետ հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG