Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում»


Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, Երեւան, 30 հոկտեմբերի, 2009
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, Երեւան, 30 հոկտեմբերի, 2009
Անցյալում են այն ժամանակները, երբ Հայաստանը կարող էր ինչ-որ քայլեր անել ճնշումների եւ պարտադրանքի ներքո. Հայաստանն ինքն է որոշումներ կայացնում, որոշումներ կայացնում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Ուրբաթ օրը բելառուս պաշտոնակից Սերգեյ Մարտինովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը` արձագանքելով այն պնդումներին, թե հայկական կողմը Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է միջազգային հանրության ճնշման տակ:

Այդպիսի դիտարկումներից մեկի հեղինակը, մասնավորապես, Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է, ով հայտարարել էր, թե ճնշում բանեցնողները հենց նրանք էին, ովքեր հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ կանգնած էին արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Դավութօղլուի թիկունքում:

«Այդպե՞ս էր արդյոք, եւ իրո՞ք արձանագրությունների ստորագրման պահին դուք ձեզ ճնշված ու նվաստացած էիք զգում, ինչպես շատերը պնդում են», - լրագրողի այս հարցին Հայաստանի արտգործնախարարը արձագանքեց. - «Չգիտեմ` ով իրեն պետք է նվաստացած զգա, միգուցե, շատ ներողություն, մազոխիստական ինչ-որ բաներով պետք է տառապի, որպեսզի նվաստացում զգա, առաջին: Երկրորդ, ասել, որ նրանք, ովքեր կանգնած էին այդ օրը որպես վկաներ` կարեւորագույն երկրների արտգործնախարարներ, որ նրանց ճնշման տակ է ստորագրվում` դա ուղղակի թյուրըմբռնում է, որովհետեւ այդ երկրները եղել են թե' միջնորդներ եւ թե' աջակիցներ»:

Բացառությամբ մեկ-երկու երկրի, միջազգային ամբողջ հանրությունը աջակցում է այս գործընթացին, որը, ի դեպ, նախաձեռնել է Հայաստանը, ասաց Էդվարդ Նալբանդյանը` հիշեցնելով այն իրադարձությունները, որոնք անմիջապես հաջորդեցին ստորագրմանը. - «Ստորագրումից կես ժամ հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց երկու կողմին` շուտափույթ վավերացնել, հարգել պայմանավորվածությունները եւ իրականացնել, դրա մասին հայտարարեց Եվրամիությունը, դրա մասին հայտարարեց Ֆրանսիան, դրա մասին հայտարարեց Գերմանիան, դրա մասին շատ հստակ եւ պարզ եւ միանշանակ ձեւով արտահայտվեց Ռուսաստանը»:

Ի պատասխան լրագրողների հիշեցման, որ թուրք պաշտոնատարներն իրենց հայտարարություններում շարունակում են հայ - թուրքական համաձայնությունների ճակատագիրը կապել Ղարաբաղյան խնդրի հետ, Նալբանդյանը վերահաստատեց պաշտոնական Երեւանի այն դիրքորոշումը, համաձայն որի` այդ երկու հարցերը փոխկապակցված չեն: Ավելին, նրա խոսքերով, դա միայն Հայաստանի դիրքորոշումը չէ` այդպիսին է նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումը:

«Այսինքն, դա միայն Հայաստանի հայտարարությունները չեն` «ներքին սպառման» համար, ինչպես դուք եք ասում, այլ նաեւ միջազգային հանրության դիրքորոշումն է», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչպիսի՞ն է պաշտոնական Երեւանի վերաբերմունքը վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառության մեջ դրված` Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի նոր նախագծին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ Հայաստանի արձագանքը եղել եւ մնում է նույնը, այն է` Հայաստանը միշտ էլ ողջունել է այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ այդ հարցի արծարծումը:

«Մենք ողջունում ենք դա նաեւ այն պատճառով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միայն մեր ժողովրդին չի առնչվում, դա շատ կարեւոր է միջազգային ողջ հանրության համար, որպեսզի մարդկության հանդեպ գործված նման հանցագործությունները չկրկնվեն», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ` հայտարարելով, որ այդ փաստն ու դրա ճանաչման կարեւորությունը պաշտոնական Երեւանի կողմից երբեւէ հարցականի տակ չի դրվել ու չի դրվի:

Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման ժամկետների հետ կապված` նախարարը նշեց. - «Կողմերը կձգտեն հնարավորինս արագ վավերացնել եւ կենսագործել համաձայնությունները, անշուշտ` հաշվի առնելով երկու երկրներում առկա վավերացման սահմանադրական ընթացակարգերը»:

Համատեղ ասուլիսի ժամանակ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովին հարց ուղղվեց, մասնավորապես, թե Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսը զորք կուղարկի՞ տարածաշրջան` այդ ագրեսիան դիմակայելու համար:

«ՀԱՊԿ-ի գծով մեր ստանձնած պարտավորություններին մենք միշտ վերաբերվում ենք մեծ պատասխանատվությամբ», - պատասխանեց Մարտինովը` հավելելով, սակայն, թե ինքը հույս ունի, որ այդ [Ղարաբաղյան] հարցը ոչ հեռավոր ապագայում կլուծվի փոխադարձ համաձայնությունների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG