Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը Բուլղարիայում ձեռք է բերել Gorna Banya հանքային ջրերի գործարանը


Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երեւան, 26 հոկտեմբերի, 2009
Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երեւան, 26 հոկտեմբերի, 2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը շուրջ 25 միլիոն եվրոյով Բուլղարիայում ձեռք է բերել Gorna Banya հանքային ջրերի գործարանը: Այդ մասին հաղորդում են բուլղարական The Sofia Echo պարբերականը եւ Novinite լրատվական գործակալությունը:

Ինչպես մանրամասնում է The Sofia Echo-ն, բուլղարական ընկերության նոր տերերը, արդեն իսկ գրանցված գործարքի մասին փաստաթղթերի համաձայն, Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններն են:

Ընկերության նախկին երեք սեփականատերերից մեկը` Եվգենի Գորանովը լրագրողներին փոխանցել է, որ գործարքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին:

Նախկին սեփականատերերը պատրաստվում են ստացված 25 միլիոն եվրոյից 20 միլիոնով մարել ընկերության կուտակած պարտքերը, իսկ 3,5 միլիոնը կփոխանցվի բրիտանական ներդրումային մի ընկերության:

Բուլղարական լրատվամիջոցները նշում են, որ այս ընկերությունը հայաստանցի գործարար, նախկին մարզիկ Գագիկ Ծառուկյանի առաջին ձեռքբերումն է Բուլղարիայի տարածքում:

Ըստ գրանցված փաստաթղթերի` Gorna Banya-ն արդեն իսկ կառավարիչ ունի. այն կղեկավարի Զավեն Ասատուրովը:

Gorna Banya Bottling Company-ն նաեւ մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող հանքային ջրերի երեք աղբյուրներ 25 տարով օգտագործելու իրավունք ունի, որը, The Sofia Echo-ի փոխանցմամբ, երկրի բնապահպանության նախարարությունը կարող է երկարաձգել եւս 35 տարով:

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Gorna Banya-ի ձեռք բերման մասին տեղեկատվությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG