Մատչելիության հղումներ

logo-print

Ինտերնետային անվանումների եւ հասցեների գրանցման կորպորացիան ուրբաթ օրը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում քվեարկությամբ որոշելու է բազմալեզու համակարգի ներդրման նպատակահարմարության հարցը։

Մոլորակի 1 միլիարդ 600 միլիոն user-ների` Ինտերնետից օգտվողների մայրենի լեզուների տառերը լատիներենի հետ առնչություն չունեն։ Բազմալեզու համակարգի ներդրումը տարբեր մայրցամաքներում մարդկանց հնարավորություն կտա համացանցում հասցեները գրել իրենց մայրենի լեզվով։

Խոսքն այսպես կոչված web domain name-երի, այսինքն` տիրույթների մասին է, օրինակ` .com, .org, .net եւ այլն։ Դրանք են նաեւ երկրների կոդերը` Ռուսաստանում` ru, Գերմանիայում` de, Չեխիայում` cz, Բրիտանիայում` uk։ Հայաստանի պարագայում դա am-ն է։

Եթե այս կարգը փոխվի, Մերձավոր Արեւելքում, Կորեայում, Պարսկաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, ամենուր ինտերնետային հասցե ստեղծելու եւ գտնելու համար կկիրառվեն ոչ միայն լատիներենի, այլեւ ուրիշ լեզուների տառերը։

Ինտերնետային անվանումների եւ հասցեների գրանցման կորպորացիայի խոսնակ Բրեդ Ուայթը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ լատիներենը դարձել է տիրապետողը, որովհետեւ բուն ինտերնետը ծնվել է Միացյալ Նահանգներում։

«Սակայն հիմա ինտերնետը հիրավի համաշխարհային շփման միջոց է, անհրաժեշտ է ինտերնետային հասցեների համակարգում», - ասել է Ուայթը։

Ենթադրվում է, որ կորպորացիան այսօր հավանություն կտա հասցեների գրանցման բազմալեզու համակարգին։ Բրեդ Ուայթի փոխանցմամբ` այն աստիճանաբար է ներմուծվելու։ Սկզբնական շրջանում փորձնական կարգով լատիներենի հետ մեկտեղ կկիրառվեն եւս 11 լեզուների տառեր, եւ եթե փորձը հաջողությամբ պսակվի, ապա մասնագետները կսկսեն գործադրել նաեւ այլ լեզուները, այդ թվում` հայերենը։

Մասնագետները նշում են նաեւ, որ այդ դեպքում ի հայտ կգա մի նոր հարց` ինչպե՞ս են արեւմտյան երկրներում Ինտերնետից օգտվողները աշխատելու արաբերեն կամ չինարեն տառերով գործող ինտերնետային հասցեների հետ։ Բրեդ Ուայթի համոզմամբ` դա կլինի իսկական մարտահրավեր, սակայն անպայման կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ, որոնք կլուծեն նաեւ այդ հանելուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG