Մատչելիության հղումներ

«Վկաները ակնհայտ սուտ ցուցմունքներ են տալիս», պնդում է Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանը


Հոկտեմբերի 29-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վկաների հարցաքննությունը: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին 2007-ի հոկտեմբերի 23-ի դրվագով որպես վկա անցնող Ռիտա Եփրեմյանն ու Վարսենիկ Զուրաբյանը: Երկուսն էլ հայտնեցին, թե չեն ճանաչում ո’չ տուժողին, ո’չ ամբաստանյալին` նշելով, որ «չեն տեսել Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանին ոտքով հասցված որեւէ հարված»` ի տարբերություն նախորդ դատական նիստի ընթացքում ցուցմունք տված Վազգեն Սերոբյանի եւ Կարեն Գրիգորյանի:

«Մինչ այժմ հարցաքննված բոլոր վկաների, ինչպես նաեւ տուժողի ցուցմունքները չեն համընկում, ինչը խոսում է այն մասին, որ նրանք ակնհայտ սուտ ցուցմունքներ են տալիս: Այս քրեական գործերը ցույց են տվել, որ իրենք աշխատում են շատ վկաներ բերել դատարան, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք բազմաթիվ վկաներով հիմնավորել են մեղադրանքը, սակայն դուք էլ եք համոզվում, որ այս վկաներից շատերի ցուցմունքները որեւէ արժեք առհասարակ չեն ներկայացնում», - հինգշաբթի օրը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Քանի որ դատակոչված մյուս վկաները անձը հաստատող փաստաթուղթ չէին ներկայացրել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 3-ը:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:
XS
SM
MD
LG