Մատչելիության հղումներ

Ղարաբաղում չեն գրանցում «Եհովայի վկաներին»


Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մերժել է «Եհովայի վկաների» պետական գրանցումը: Կրոնական կազմակերպությունը այդ որոշումը բողոքարկել էր Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանում, որը չորեքշաբթի երեկոյան մերժեց հայցը:

Մինչ դատարանում ընթանում էր դռնբաց դատը, դատարանի բակում հավաքվել էին հարյուրից ավելի մարդիկ, որոնց ձեռքին ցուցապաստառներ կային` «Ո'չ Եհովայի վկաներին» մակագրությամբ:

«Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք պատրաստվում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել Գերագույն դատարանում, քանի որ, նրա խոսքերով, դատաքննության ընթացքում իրենց հասցեագրված մեղադրանքները չապացուցվեցին:

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անատոլի Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Եհովայի վկաների» հայցի մերժումը. - «Դատաքննության ընթացքում քննության առնելով երկու կողմերի ներկայացրած փաստարկները, հաշվի առնելով փորձագիտական եզրակացությամբ բերված հիմնավորումները եւ այն, որ իրոք կազմակերպության գործունեությունը հակասում է ԼՂՀ-ի օրենքին, եւ նկատի ունենալով, որ օրենքով նախատեսված հիմքեր չկան պետական ռեգիստրի բաժնի որոշումն անվավեր ճանաչելու` այդ որոշումն իրավաչափ է, դատարանը եկել է այն եզրակացության, որ հայցը անհիմն է եւ ենթակա է մերժման»:

Լեռնային Ղարաբաղում գործող մեկ տասնյակից ավելի կրոնական կազմակերպություններից պետական գրանցման մերժում են ստացել «Եհովայի վկաները» եւ «Արթնության կրակը»:

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը Ղարաբաղում գործում է 10 տարուց ավելի: Կազմակերպության անդամների թիվը Ղարաբաղում, ըստ կրոնի հարցերով զբաղվող վարչության տվյալների, 240-280 է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG