Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին՝ Հայաստանում ժողովրդավարության եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացի մասին


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում քաղաքական իրավիճակին, ժողովրդավարության խնդիրներին, հայ-թուրքական մերձեցման գործընթացին եւ Ղարաբաղյան խաղաղ կարգավորմանը:


Ներքաղաքական իրավիճակ եւ ժողովրդավարության հարցեր


«Քաղաքական իրավիճակը Հայաստանում դեռեւս մեծապես կրում է անցած տարվա մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ազդեցությունը, սակայն կան հույսեր եւ ակնկալիքներ, որ քայլեր կձեռնարկվեն դրա հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ», - ասաց Սեմնեբին՝ շարունակելով.- «Հուսով եմ, որ վճռական քայլեր կձեռնարկվեն եւ Հայաստանը կշրջի պատմության այդ էջը, ինչպես նաեւ ապագայի համար դասեր կքաղի եւ նման առճակատումները կբացառվեն։ Դա կպահանջի ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության պատասխանատու մոտեցումը։ Դրա համար կպահանջվի նաեւ, որ Հայաստանը հստակեցնի քաղաքական խաղի կանոնները: Սա ներառում է ընտրական օրենսդրությունը, ընտրությունների պատշաճ անցկացումը, լրատվամիջոցների հետ կապված հարցեր եւ այլ: Հայաստանը դեռ չի հասել դրան»:

Թվարկված հարցերը, նրա խոսքով, Հայաստանում խիստ վիճահարույց են, եւ խանգարել են, որպեսզի երկրում ընտրական մրցակցության ժամանակ ուշադրությունը կենտրոնանա երկրի համար առավել կարեւոր հարցերի վրա. - «Չափազանց մեծ ջանքեր են վատնվել ընթացակարգերի, թերությունների եւ ընտրախախտումների մեղադրանքների վրա»։

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը իր անհամաձայնությունը հնչեցրեց Հայաստանում շրջանառվող տեսակետի առնչությամբ, թե պաշտոնական Բրյուսելը ավելի մեծ ուշադրություն է դարձնում «ֆուտբոլային դիվանագիտությանը», հայ-թուրքական հարաբերություններին, քան Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին. - «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդար կառավարման, մարդու իրավունքների, նույն մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ կապված հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանությունների հետ բանակցությունների օրակարգի առաջնահերթություններից են։ Ես դրանք քննարկել եմ իմ այս այցի ընթացքում Հայաստանի նախագահի եւ իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այս հիմնարար հարցերը Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերություններում վստահության եւ համագործակցության հիմք են եւ երբեք չեն անտեսվում»։

Հայ-թուրքական հարաբերություններ

Պիտեր Սեմնեբին վերահաստատեց, որ Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական հարաբերություններում ձեռքբերված առաջընթացը եւ ակնկալում այս գործընթացի հետագա խորացում:

«Կարծում եմ կողմերը ավելիին են հասել, քան շատերը կարող էին մտածել: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկերները եւ Եվրամիության անմիջական հարեւանները` Թուրքիան եւ Հայաստանը, նորմալ հարաբերություններ ձեւավորեն: Բնականաբար հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը ներքին գործընթաց է եւ պետք է քննարկվի 2 խորհրդարանների կողմից», - շարունակեց եվրոպացի դիվանագետը` հավելելով. - «Հուսով ենք եւ ակնկալում ենք, որ արձանագրությունները կվավերացվեն որքան հնարավոր է արագ, քանի որ համոզված ենք, որ հարաբերությունների նորմալացումը եւ արձանագրությունների բովանդակությունը մեծապես արտացոլում են 2 կողմերի շահերը»:

Փիթեր Սեմնեբին զրույցում նշեց, որ չէր ցանկանա շահարկել հարցը, թե ինչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի վրա. - «Թուրքիան անդամակցության ճանապարհին դեռ շատ անելիքներ ունի, սակայն միանշանակ դրական ազդեցություն կարող է ունեալ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը»:

«Եթե առաջիկա 2 ամսում հասնենք հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը, դա շատ կարեւոր եւ կառուցողական տարրեր կմտցնի Հայաստանի եւ Թուրքիայի հետ Եվրամիության հարաբերություններում», - նշեց դիվանագետը:

Իսկ որքանով են փոխկապակցված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` հաշվի առնելով Թուրքիայի իշխանույթունների կողմից անընդհատ հնչեցվող հայտարարությունները, թե արձանագրությունների վավերացումը եւ սահմանի վերաբացումը անհնար են առանց Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթացի: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Փիթեր Սեմնեբին պատասխանեց, որ «պաշտոնապես որեւէ կապ չկա, սակայն որեւէ մեկը չի կարող անտեսել փաստը, որ հակամարտություններից յուրաքանչյուրը, կախված դրա կարգավորման ուղղությունից, ազդեցություն է ունենալու տարաշածրջանի երկրների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG