Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, այս պահին չի կարելի ասել, թե Հայաստանը կամ Թուրքիան ձգձգում են Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ, Քոչարյանն ասաց, թե դա կախված է արձանագրությունների վավերացումից:

«Միակ ժամկետը, որը ֆիքսված չէ, վավերացումն է, ինչը բնական էր, որովհետեւ պառլամենտները սուվերեն են եւ չէր կարելի ո'չ Հայաստանի պառլամենտին, ո'չ Թուրքիայի պառլամենտին որոշակի ժամկետով սահմանափակել», - շարունակեց Հայաստանի փոխարտգործնախարարը: - «Մյուս կողմից՝ բոլորի համար կա անկհայտ ողջամտության ժամկետ… Ողջամտության ժամկետը հենց այն բանի համար է կոչվում ողջամտության ժամկետ, որ օրերով չի հաշվվում, այլ հաշվվում է բազմաթիվ հանգամանքներով, եւ ամեն մեկը յուրովի ունի այդ ժամկետը մեկնաբանելու հնարավորություն»:

«Քանի որ այս պարագայում խնդիրն այն է, որ այդ մեկնաբանությունը ոչ միայն պատկանում է երկու կողմերին՝ Թուրքիային եւ Հայաստանին, այլ նաեւ՝ չափազանց շահագրգիռ միջազգային հանրությանը, իսկ այս դեպքում մենք ունենք եզակի դեպք, երբ տարբեր ուժային կենտրոններ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, շահագրգիռ են, ապա հասկանալի է, որ ողջամտության ժամկետը շատ հստակ պատկերացվելու է իրենց կողմից եւս», - հավելեց նա:

Հարցին, թե կարելի՞ է ասել, թե հայկական կողմը սպասում է, որպեսզի վավերացման հարցում առաջին քայլը Թուրքիան կատարի, Շավարշ Քոչարյանը արձագանքեց, թե «այդպիսի ակնկալիք կարող է լինել». - «Հաշվի առնելով այն իրողությունը, որ այն ներքաղաքական քննարկումները, որոնք սկսվեցին օգոստոսի 30-ից, պետք է սկիզբ առնեին դեռեւս ապրիլ ամսվա սկզբից: Ինչո՞ւ դա եղավ. որովհետեւ Թուրքիան հետ կանգնեց իր հանձնառություններից: Երկրորդը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստորագրելուց հետո՝ այդ արարողության ժամանակ, փորձ կատարվեց Թուրքիայի կողմից անել մեկնաբանությունը, որը հակասում է ե'ւ պայմանավորվածություններին, ե'ւ այդ արձանագրությունների տեքստերին, դա արդեն տեղ է տալիս ակնկալելու, որ նա, ով ավելի է հակված գործել ոչ արձանագրություններին համահունչ, բնական է, նա պետք է ապացուցի այս փուլում, որ ինքը այդ քաղաքականությունը չի շարունակելու: Այդպիսի ակնկալիք կարող է լինել»:

Անդրադառնալով Թուրքիայի ղեկավարների հնչեցրած հայտարարություններին, թե մինչեւ առաջընթաց չլինի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, Թուրքիայի խորհրդարանը դժվար թե վավերացնի արձանագրությունները՝ Շավարշ Քոչարյանը ասաց, թե Թուրքիան այդ հայտարարություններով խանգարում է ե'ւ հայ-թուրքական հարաբերություններին, ե'ւ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

«Իրականում որեւէ առնչություն այդ երկու գործընթացները չունեն», - եզրափակեց Հայաստանի փոխարտգործնախարարը:
XS
SM
MD
LG