Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի վարչապետը չի մեկնի Վաշինգտոն եւ կմասնակցի Հանրապետության օրվա հանդիսություններին


Հոկտեմբերի 29-ին Թուրքիան նշում է Հանրապետության օրը: Ենթադրվում էր, որ Անկարայում կայանալիք տոնական հանդիսություններին եւ ռազմական շքերթին ներկա չի լինի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, քանի որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հենց այդ օրն էր նրան հրավիրել Վաշինգտոն: Թուրքական կողմը, սակայն, Սպիտակ տան պաշտոնյաներին խնդրեց հետաձգել այցը` հայտարարելով, թե թուրքական կառավարության ղեկավարը ազգային տոնի օրը երկրից բացակայել չի կարող:

Դիվանագիտական աղբյուրները Էրդողանի այցի նոր ժամկետները չեն հստակեցնում:

Միացյալ Նահանգներում գործող «Ռենդ» վերլուծական կորպորացիայի փորձագետ Սթիվեն Լարաբին թուրքական «Հյուրիեթ»-ին տված հարցազրույցում ասել է. - «Իմ տպավորությամբ` կա հարցերի մի շրջանակ, որը անպայման պետք է դառնա Օբամայի եւ Էրդողանի քննարկման առարկա: Իմ տեղեկությամբ` Թուրքիայի վարչապետը Վաշինգտոն է այցելելու դեկտեմբերին: Իրադարձությունները, սակայն, այնքան արագ են զարգանում, որ մինչեւ դեկտեմբեր սպասելը այնքան էլ ճիշտ չէ»:

Փորձագետների կարծիքով` վաշինգտոնյան քննարկման հիմնական թեմաներից մեկը հայ - թուրքական հարաբերություններն են լինելու:

Յան Լեսերը` Մարշալի հիմնադրամից, նշում է. - «Տեսանելի արդյունքի հասնելու համար պետք է [հայ - թուրքական] արձանագրությունների ի կատար ածմանն ուղղված հստակ քայլեր իրագործվեն: Խոսքը արձանագրությունների վավերացման եւ սահմանների բացման մասին է: Վաշինգտոնում հասկանում են` այս ճանապարհին Թուրքիան կարող է դժվարություների բախվել, նախեւառաջ` Ադրրբեջանի արձագանքի հետ: Միացյալ Նահանգների իշխանությունները, սակայն, հույս ունեն, որ թուրքերը չեն սպասի Ղարաբաղի խնդրի վերջնական լուծմանը` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ առաջ շարժվելու համար»:

«Կարնեգի» հիմնադրամում աշխատող Հենրի Բարկիի կարծիքով էլ` «Օբաման ցանկանում է համոզվել, որ այն միջազգային խումբը, որ աշխատում է Ղարաբաղի խնդրի լուծման ուղությամբ, արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել, որոնք կարող են առաջընթաց ապահովել Ղարաբաղի շուրջ գտնվող` հայերի վերահսկողության տակ հայտնված շրջանների հարցում»: «Ենթադրում եմ, որ վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում Օբաման կփորձի ճշտել` արդյոք Էրդողանի եւ Պուտինի միջեւ Ղարաբաղի խնդրում ինչ-ինչ համաձայնություններ ձե՞ռք են բերվել, թե՞ ոչ», - ասել է Բարկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG