Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 29-ի մամուլ


«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պարզաբանում է իր եւ իր կուսակցության վերջին ժամանակաշրջանի քաղաքական վարքագիծը. - «Երբ ես միացա կոալիցիային, մարդիկ պիտակներ կպցրեցին: Այո, որպես քաղաքական գործիչ, ես այդ ժամանակ ունեցա վարկանիշի անկում, բայց դրանով եւ նպաստեցի երկրում կայունության վերհաստատմանը: Եթե միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին, կնպաստեի մեր երկրում քաղաքացիական պատերազմ սկսելուն, եւ այդ ժամանակ ոչ թե 10, այլ ավելի շատ մարդ կմահանար»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը շարունակում է հարավկովկասյան վերջին զարգացումներն ու, մասնավորաբար, հայ-թուրքական մերձեցման գործընթացները դիտարկել «ռուսական կայսրության շահերի նոր հայեցակարգի դիրքերից». - «Երեկ Կայսրության թշնամին էր Թուրքիան, հետեւաբար՝ ֆորպոստը պետք է կենաց-մահու պայքար մղեր նրա դեմ: Բայց այսօր իրականությունն այլ է՝ այս պայմաններն այլեւս հնացած են: Հայ-թուրքական, ապա եւ հայ-ադրբեջանական սպասվող հաշտեցումը, մեծ հավանականությամբ, կարող է բերել ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի: Հիշենք հայ-թուրքական գործընթացի սկզբնակետի համատեքստը՝ ռուս-վրացական պատերազմ: Ահա կայունություն, հետեւաբար՝ նաեւ ֆորպոստի նոր պոտենցիալ թշնամին: Վրաստանի մասնատումը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը»:

«Չորրորդ իշխանություն» թերթի դիտարկմամբ, հայ-թուրքական արձանագրությունների թեման աստիճանաբար երկրորդ պլան է մղվում: Թերթը գրում է. - «Փաստորեն, մի քանի շաբաթ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտն ալեկոծվեց, հսկայական աղմուկ բարձրացավ, հետո արձանագրությունները ստորագրվեցին, աղմուկն իներցիայով եւս մի քանի օր շարունակվեց եւ վերջ. քաղաքական դաշտն ու ազգային մտավորականությունը կուլ տվեցին «ցյուրիխյան ուրացումն» ու շարունակեցին ծամել իրենց հանապազօրյա հացը: Իսկ Թուրքիայում, ի դեպ, ճիշտ հակառակն է: Այնպիսի տպավորություն է, թե մինչեւ փաստաթղթերի ստորագրումը նրանք ձայն չէին հանում (որպեսզի մեզ չխրտնեցնեն), իսկ ստորագրումից հետո օր չկա, որ չխոսեն պատմաբանների հանձնաժողովի եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Թուրքիայի վարչապետ Էրդողանի վաշինգտոնյան այցի հետաձգման խորապատկերի վրա թուրք-ամերիկյան հարաբերությունները ավելի ու ավելի են նմանվում «վճռական բախման» նախօրեին հակառակորդ ճամբարներում տեղի ունեցող զորավարժությունների։ Կողմերը շոշափում են միմյանց թույլ կողմերը եւ անթաքույց ակնարկներով հասկացնում, որ իրարից պարտք ու պահանջ ունեն։ Այս դիվանագիտական պայքարի շղարշի հետեւում ակնհայտ է դառնում մի իրողություն. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ԱՄՆ-ը ուժեղացրել է իր ճնշումը Անկարայի վրա, սակայն Թուրքիան չի պատրաստվում տեղի տալ, համենայն դեպս, մոտակա ամիսների ընթացքում»։

Նախագահի նախկին խորհրդական, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ եւ փոխնախագահ Սերգո Երիցյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասում է. - «Նախագահ Սերժ Սարգսյանին շատ ծանր քաղաքական շրջան է բաժին ընկել: Երկրի բազմաթիվ խնդիրներին գումարվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը՝ իր ամենատարբեր հետեւանքներով, արտաքին քաղաքական այն մարտահրավերներով, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ: Անշուշտ, քաղաքական կամք է պետք օրակարգում առկա արտաքին քաղաքական խնդիրներին լուծում տալու համար: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ բանակցություններում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները պակաս հայրենասերներ են, քան նրանք, ովքեր անդադար քննադատում են նրանց: Մեզ այս գործընթացում պետք է առավել զսպվածություն, կառուցողական քննադատություն, նախաձեռնողականություն, առավելագույնս համախմբվածություն եւ հավատ առաջարկվող լուծումների նկատմամբ»:

«Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ-Արմենալ» ընկերության աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձի եւ հավելավճար չստանալու պատճառով», - գրում է «Ազգ»-ը: - «Գործարանի ղեկավարության եւ աշխատակիցների պայմանավորվածությամբ` հաստատագրված աշխատավարձերի հետ 50 տոկոս հավելավճար է սպասվում, եթե ապահովվի արտադրանքի որոշ քանակ: Սակայն, ըստ աշխատակիցների, հաստոցների եւ վառարանների անսարքության պատճառով հնարավոր չի եղել ապահովել պահանջվածը: Բացի այդ, աշխատակիցներն աշխատուժի կրճատումից հետո եւս հնարավոր չեն համարում մեծ ծավալով արտադրանքը: Կա նաեւ այլ պատճառ` այնպիսի որակ, ինչպիսին պահանջում է գործարանի ղեկավարությունը, հնարավոր չէ ստանալ առկա սարքավորումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG