Մատչելիության հղումներ

Շարունակվում է Թուրքիայի վարչապետի այցը Իրան


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Չորեքշաբթի օրը Թեհրանում Թուրքիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանը հայտարարել է, որ Իրանը միշտ կլինի կարեւոր երկրներից մեկը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար:

«Հյուրիեթ» էլեկտրոնային լրատվամիջոցի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետը նաեւ ասել է, որ Իրանը եւ Թուրքիան մտադիր էին առեւտրային լուրջ հարաբերություններ հաստատել: Նախնական նպատակն էր ապահովել երկկողմանի 20 մլրդ դոլարի առեւտրային շրջանառություն, սակայն Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզայի առաջարկությամբ բարձրացրել են շրջանառության չափաբաժինը մինչեւ 30 մլրդ դոլար:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպման օրակարգի հիմնական հարցերից էր նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, եւ վարչապետ Էրդողանն ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «մարդասիրական եւ պացիֆիստական էր»:

«Ինչպես Թուրքիան, այնպես էլ Իրանը իրավունք ունեն նման ծրագիր իրականացնելու», - ասել է Ահմադինեջադը:

Իսկ Ֆինլանդիայում, ինչպես փոխանցում է «Անատոլիա» գործակալությունը, Թուրքիայի՝ Եվրամիության հետ գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղիշը ասել է, որ Թուրքիայի միջնորդական առաքելությունը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների հարցում որոշիչ դերակատարություն ունի աշխարհում խաղաղություն ապահովելու համար:

«Թուրքիան, որ աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, չի կարող անտեսել աշխարհի խնդիրները», - ասել է Բաղիշը՝ հավելելով, որ Ֆինլանդիան մեկ անգամ եւս հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը:

«Բանակցությունները շարունակելու Թուրքիայի այլընտրանքը միայն Եվրամիությանն անդամակցելն է», - ասել է Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը:


Կարինե Քալանթարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG