Մատչելիության հղումներ

Բուրակ Օզյուգերգին. «Թուրքիան իսկապես ուզում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում»


Թուրքիան իսկապես ուզում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում: «Անատոլիա» գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրակ Օզյուգերգինը` հավելելով. - «Մեր նպատակը ոչ միայն Հայաստան եւ Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, այլեւ Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համար հիմք ստեղծելն է»:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի հավաստմամբ` եթե այդ գործընթացները համատեղ չընթանան, ապա դժվար կլինի ապահովել Կովկասի կայունությունն ու անվտանգությունը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ էլ` Ադրբեջանի Միլի մեջլիսում հանդիպման ընթացքում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մարջանը հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է մնալու երկրի նախագահի եւ վարչապետի խոստումներին, որ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի հետ սահմանը չի բացվի:

«Որեւէ հարց, որն անհանգստացնում է ադրբեջանցի ժողովրդին, չի քննարկվի Թուրքիայի խորհրդարանում: Թուրքիայի հիմնական նպատակն է խաղաղության հասնել Հարավային Կովկասում: Ադրբեջանի շահերին հակասող քայլեր չեն ձեռնարկվի», - ասել է թուրք խորհրդարանականը:

«Երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների միջեւ հանդիպումները պետք է դառնան պարբերական` առնվազն երկու անգամ տարվա ընթացքում: Հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է անցկացվել Նախիջեւանում», - ասել է Մարջանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG