Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոսին մտահոգում է «գրին քարտի» վիճակահանության կազմակերպումը


Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոս Ռոբերտ Ֆարկուան իր մտահոգությունն է հայտնում այն ընկերությունների գործունեության առնչությամբ, որոնք ներգրավված են «գրին քարտի» ստացման գործընթացում։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը չի աշխատում միջնորդական որեւէ ընկերության հետ, եւ որեւիցե անհատ, ով ունի թվային ֆոտոխցիկ եւ ինտերնետից օգտվելու հնարավորություն, կարող է առանց որեւէ վճարի մասնակցել «գրին քարտի» վիճակահանությանը։ Կարեւոր է հասկանալ, որ պետքարտուղարությունն իր կողմից վճար չի սահմանել մասնակցելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռոբերտ Ֆարկուան։

«Եթե այդ ընկերությունները փորձում են իրենց հաճախորդներին որոշակի երաշխիքներ տրամադրել, թե օգտվելով իրենց ծառայություններից` իբր որոշակի հնարավորություն է առաջանում «գրին քարտ» ստանալու առումով, ապա պետք է ասեմ, որ ես այդտեղ խնդիր եմ տեսնում», - նշեց Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոսը:

Ռոբերտ Ֆարկուան ավելացրեց, որ «գրին քարտի» վիճակահանությանը մասնակցելու պայմանների մասին բավարար տեղեկություն կա հատուկ այդ կապակցությամբ բացված կայքէջում։ Իսկ բոլոր դիմողներին նա հարկ համարեց հիշեցնել. - «Գրին քարտ» շահողները միայն իրավունք են ստանում մասնակցել ներգաղթողների համար տրվող վիզաների հարցազրույցին եւ ոչ ավելին։ Որոշ դեպքերում խնդիր է առաջանում, քանի որ մարդիկ ասում են, թե «ինչ լավ է` իմ համարը համընկել է, եւ ես ստացել եմ «գրին քարտ», բայց իրականում նրանք ստանում են միայն այդ հարցազրույցին մասնակցելու իրավունք»։

Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոսը նշեց նաեւ, որ յուրաքանչյուր տարի վիճակահանության միջոցով կարող է «գրիտ քարտ» շահել 50 հազար մարդ, եւ եթե որեւիցե երկրից վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ է ներգաղթել 50 հազար մարդ, այդ երկիրը այլեւս չի կարող մասնակցել վիճականահությանը։
XS
SM
MD
LG