Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբին Երեւանում է


Երեւանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, ում այսօր ընդունել են Հայաստանի արտգործնախարարի տեղակալներ Կարինե Ղազինյանն ու Արման Կիրակոսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կարինե Ղազինյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Նա կարեւորել է բարեփոխումների գործընթացին աջակցող Եվրամիության խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:

Արման Կիրակոսյանը ներկայացրել է Ղարաբաղյան բանակցային գործընթացը, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG