Մատչելիության հղումներ

Տասը տարի անց. ահաբեկչության վերքերը չեն սպիացել


Հայաստան -- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանը (ձախից) եւ Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, արխիվ
Հայաստան -- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության արդյունքում զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանը (ձախից) եւ Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, արխիվ
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ հայկական ծառայության վերլուծական անդրադարձը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը։ Թարգմանեց Հեղինե Բունիաթյանը

Ուղիղ տասը տարի առաջ, երբ հինգ զինված ահաբեկիչները ներխուժեցին Ազգային ժողովի դահլիճ ու ավտոմատի կրակահերթով գնդակահարեցին պետության առաջին դեմքերին, խորհրդարանում էր նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանը։ Նա ազգային ժողով էր գնացել կառավարության հետ ամենշաբաթյա հարցուպատասխանը լուսաբանելու համար եւ ուղիղ եթերում փոխանցեց ահաբեկչության մանրամասները։

«Մի խումբ զինված տղաներ ավտոմատներով խուժեցին նիստերի դահլիճ։ Հենց տեղում գնդակահարեցին Վազգեն Սարգսյանին, գուցեեւ էլի մի շարք պատգամավորների։ Երկար ժամանակ մենք նստարանների հետեւում բոլորս պառկած էինք», - հաղորդեց նա։ - «Մինչեւ հիմա կրակոցները շարունակվում են։ Հենց նոր հայտարարություն լսվեց, որ եթե որեւէ մեկը մոտենա դահլիճին՝ բոլորը կգնդակահարվեն»։


Խարխլված վստահություն


Փորձագետները համակարծիք են, որ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները խորապես ցնցեցին ողջ երկիրը՝ խարխլելով վստահությունը, որ նորանկախ հանրապետությունը ունակ է ինքն իրեն կառավարել եւ պաշտպանել։

«Դա չհաղթահարված սթրես է, սարսափելի սրթես», - ասում է լրագրող Աննա Իսրայելյանը, ով եւս հոկտեմբերի 27-ի ականատեսներից մեկն էր դարձել։

«Դահլիճից դուրս գալուց հետո «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանի հետ թաքնվեցինք խորհրդարանի գրադարանում։ Բազկաթոռներով բարիկադ սարքեցինք դռան մոտ ու մի անկյունում կծկվել էինք։ Մեզ թվում էր, որ միայն դահլիճ ներխուժած 5-6 ավտոմատավորները չեն. դա ավելի մեծ խումբ է։ Մենք անընդհատ գրոհի էինք սպասում», - վերհիշում է Աննա Իսրայելյանը. - «ես իրոք վախեցած էի, որովհետեւ, ի վերջո, առաջին անգամ էր, որ իմ աչքի առաջ մարդիկ էին սպանվել»։

Ազգային ժողովի բակում բացվեց հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հուշակոթողը, 27-ը հոկտեմբերի, 2009թ.
Զինյալ ահաբեկիչների պարագլուխ, նախկին լրագրող Նաիրի Հունանյանը հայտարարում էր, թե հեղափոխության է գնում՝ ժողովրդի թշվառ վիճակից ելնելով։

«Մարդիկ սովի են մատնված, երկրում որեւէ դրական շարժում կամ զարգացում չկա», - պնդում էր Հունանյանը՝ լրագրողների հարցերին ի պատասխան։

Մինչեւ հաջորդ օրվա լուսաբացը շարունակված բանակցություններից հետո ահաբեկիչներն ի վերջո հանձնվեցին իշխանություններին, իսկ արդեն չորս տարի անց՝ 2003 թվականին դատապարտվեցին ցմահ ազատազրկման։

«Սպանելով վարչապետ Վազգեն Սարգսյանին՝ ես օգնեցի սահմանադրական կարգի վերականգմանը», - դատավարության ընթացքում պնդեց Նաիրի Հունանյանը։

Անպատասխան հարցեր


Դատավարությունը, որը շարունակվեց շուրջ 3 տարի, այդպես էլ չտվեց մի շարք առանցքային հարցերի պատասխանները, այդ թվում՝ չպարզվեց՝ ինչպես էին ահաբեկիչները անարգել մուտք գործել Ազգային ժողով, կամ իրենց զենք-զինամթերքը տեղափոխել նիստերի դահլիճ։

Դատավարությունը հապշտապ ավարտին մոտեցավ հենց այն ժամանակ, երբ Հունանյանը հայտարարեց, թե պատրաստ է նոր բացահայտումներ անել հանցագործության վերաբերյալ։ Այսօր շատերն են վստահ, որ սպանության պատվիրատուներն այդպես էլ չեն բացահայտվել։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարինե Քալանթարյանը, ով շուրջ չորս տարի լուսաբանում էր Հոկտեմբերի 27-ի գործը, ասում է, թե երկարատեւ դատավարությունը, այդուամենայնիվ, չփարատեց հասարակության կասկածները։

«Շուրջ 1 տարի նախաքննություն եւ 3 տարի դատաքննություն. բացահայտվեց այն, ինչ, թերեւս, հայտնի էր ահաբեկչությունից մի քանի օր հետո։ Չփարատվեցին կասկածները ահաբեկչության կազմակերպիչների մասով», - ասում է Կարինե Քալանթարյանը։

Շրջադարձային պահ


1999 թվականի հոկտեմբերի 27-ը շրջադարձային պահ դարձավ Հայաստանի պատմության մեջ, փաստում են փորձագետները։

«Անցած տասնամյակին ետադարձ հայացք ձգելիս պարզ է դառնում, որ այդ ահաբեկչությամբ վերջ դրվեց Հայաստանի զարգացմանը՝ որպես քաղաքական եւ սոցիալական հավասարակշռված ինստիտուտներով, սկսնակ ժողովրդավարական երկիր։ Փոխարենը սկսվեց անցումը դեպի կիսաավտորիտար համակարգ՝ բոլոր լծակները իր ձեռքում պահող նախագահի գլխավորությամբ», - ասում է լրագրող Աննա Իսրայելյանը. - «Հաստատված պատասխան չունի այն հարցը, որը արդեն 10 տարի հանգիստ չի տալիս մարդկանց։ Այն է, թե՝ Ազգային ժողովի դահլիճ ներխուժած ահաբեկիչներին ուղղորդող ուժ կա՞ր, թե՞ ոչ։ Մի մեծ հարցական մնաց, եւ այժմ միայն մի բան է ակնհայտ, որ հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի իշխանությունը դարձավ շատ մոնոլիտ, միակենտրոն»։

Փորձագետների համոզմամբ, ահաբեկչությունը նաեւ խափանեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, վարչապետ Վազգեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթի հետ, եւ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի ժպիտից շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ կարող է համաձայնություն ձեռք բերվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG