Մատչելիության հղումներ

Արմեն Էլբակյանը բեմադրել է «Մուսա լեռան 40 օրը»


Հոկտեմբերի 23-ին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա ստեղծված ներկայացման պրեմիերան, բեմադրության հեղինակը Արմեն Էլբակյանն է, գլխավոր դերերում հանդես են եկել Հարություն Մովսիսյանը, Աննա Էլբակյանը, Ազատ Գասպարյանը: Ընդհանուր առմամբ ներկայացմանը մասնակցում են 72 դերասաններ:

«Այս թեման իմ ստեղծագործական աշխատանքի մի ամբողջ շրջանի ամփոփումն է: Այս վեպը ընդամենը առիթ է` խոսելու այն բոլոր խնդիրների մասին, որ այսօր անհանգստացնում է հայ մտավորականին, քաղաքացուն, ռեժիսորին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արմեն Էլբակյանը:

Բեմադրիչի խոսքով, այս ներկայացմամբ փորձել են գտնել «բոլորիս համար շատ կարեւոր ու էական» հետևալ հարցերի պատասխանները. - «Ինչպե՞ս պիտի մենք ապրենք թուրքերի հետ հարեւանություն անելով, ո՞վ է թուրքը հայի եւ ընդհանրապես աշխարհի համար»:

Ի դեպ, ռեժիսորը պատմեց, որ ներկայացման միտքը ծագել է վաղուց` հայ-թուրքական վերջին զարգացումներից շատ առաջ: Արմեն Էլբակյանի կարծիքով, «սահմաններն իհարկե պետք է բացվեն, բայց մենք նաեւ պետք է իմանանք, թե ում հետ գործ ունենք, եւ չկորցնենք մեր պատմական հիշողությունը»:

Արմեն Էլբակյանը բեմադրության համար ընտրել է «Մուսա լեռան 40 օրը» վեպը, քանի որ, ըստ նրա, «մենք պարտք ունենք Վերֆելին, բացի այդ, սա այն քիչ պատմություններից է, երբ հայ ժողովուրդը հաղթանակել է»:
XS
SM
MD
LG