Մատչելիության հղումներ

Ադրբեջան են ժամանում թուրք օրենսդիրները


Այսօր Բաքու է ժամանում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի տասը հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի ղեկավարը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանն է։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, թուրք օրենսդիրներն իրենց հանդիպումները սկսում են հոկտեմբերի 28-ին։

Ադրբեջանի Միլի մեջլիսի մամլո ծառայության ղեկավար Ակիֆ Նասիրովն ասել է, որ թուրք խորհրդարանականները նախ կայցելեն հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին, ապա` «Շեհիդների (նահատակների) ծառուղի»։

Այնուհետեւ թուրք պատգամավորները կհանդիպեն Միլի մեջլիսում իրենց գործընկերների` Ադրբեջանի խորհրդարանի արտաքին կապերի եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ։ Օրակարգում է հանդիպում Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությանը կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության տոնի կապակցությամբ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը կազմակերպելու է հանդիսավոր միջոցառում, որին հրավիրված են Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG