Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի մամուլ


Հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին «Հրապարակ»-ը գրում է. - «Նախաքննության եւ դատաքննության երկարուձիգ տարիներն այդպես էլ չպատասխանեցին բոլորին հուզող միակ հարցին` ովքե՞ր են 27-ի ողբերգության կազմակերպիչները, արդյո՞ք հայտնի իշխանական անձինք կապ ունեն ոճրագործության հղացման ու իրականացման հետ: Իսկ հարցի պատասխանը հարկավոր էր գտնել, քանզի մարդասպանների իշխանության ներքո ապրել կարող է միայն հանցագործ հասարակությունը: Իսկ մեր հասարակությունն այդպիսին չէ, նա արդարության պահանջ ունի եւ արդարադատություն իրականացնելու ցանկություն: Հարցերն այդպես էլ մնացին օդում կախված` անպատասխան: Մինչդեռ դրանց պատասխանները հարկավոր էին նաեւ իշխանությանը. կասկածյալի կարգավիճակում ապրելն ու գործելը դյուրին բան չէ: Ամեն առիթով ու անառիթ կշտամբանքի արժանանալը, արյունարբու գազանի հետ համեմատությունը հաճելի չեն անգամ գազաններին: Բայց հավանաբար այդպես ավելի ապահով էր, երբ իրականությունը խեղաթյուրված է, ու ճշմարտությունը յոթը փակի տակ փակված, աթոռներն ավելի պաշտպանված են ու հաստատուն»:

«Կապիտալ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մեծամասնության կամքի արտահայտությունը համարելով լեգիտիմության միակ ցուցանիշ` պետք է փաստել, որ ավելի մեծ ժողովրդական աջակցություն, Կարեն Դեմիրճյան - Վազգեն Սարգսյան տանդեմից բացի, մեկ էլ ՀՀ առաջին նախագահն է ունեցել առաջին նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը անկախականության, ժամանակի թելադրանքի խորհրդանիշ էր, իսկ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքն առաջին անգամ չէր բացառում անցյալը եւ չէր պարտադրում ծայրահեղականության վրա հիմնված ապագա: Կոմունիստական անցյալի, անկախական ներկայի համաձուլմամբ` նոր սկզբի, միասնության, ժողովրդի իշխանության հաղթանակն էր 1999-ը... մինչեւ հոկտեմբերի 27-ը: Առաջին անգամ խորհրդային անցյալը եւ անկախական ներկան ոչ թե հակադրելու, այլ համադրելու հնարավորություն էր ստեղծվել. նախկին խորհրդային իշխանություն մարմնավորողը միավորվել էր ազգային զարթոնքի, ազգային հաղթանակի կերտողի հետ, առաջին անգամ ձեւավորվել էր համազգային համերաշխության իշխանություն»:

«Հայոց Աշխարհ»-ը վերլուծում է. - «Հոկտեմբերի 27»-ի պատճառների մասին շատ է գրվել ու խոսվել, սակայն որքան էլ փորձ է արվել զանազան միտումնավոր բացատրություններով քողարկել կամ էլ նենգափոխել իրողությունները, ակնհայտ է, որ նման ողբերգական երեւույթները հնարավոր են դառնում ընդամենը երեք, բայց անկասկած խորքային պատճառների գոյության պարագայում: Առաջինը արտաքին քաղաքական որոշակի «ֆոնի» գոյությունն է, այսինքն` նորանկախ, ներքնապես դեռեւս չամրապնդված երկրի շուրջ պայքարող գերուժերի շահերի սուր բախումը: Երկրորդը ներքաղաքական իրավիճակն է, այն է` արտաքին ազդակների կանխամտածված օգտագործումը երկրի ներքաղաքական կյանքի ապակայունացման համար: Երրորդը, եւ թերեւս ամենակակարեւորը, այդ ամենին դիմակայելու հարցում պետության թուլությունն ու անպատրաստ լինելն է»:

«Չորրորդ իշխանության» լրագրողը «Հոկտեմբերի 27»-ի մասին զրուցել է Ազգային ժողովի պատգամավորների հետ: Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը ասում է. - «Իմ մեջ եղած կասկածները ոչ միայն չեն փարատվել, այլեւ այսօր ավելի քան համոզված եմ, որ ամեն ինչ արվեց, որպեսզի այդպես էլ արդարադատություն չկայանա: Այսինքն, իշխանությունների գործունեությունը գնաց այն ուղղությամբ, որ ինչ էլ որ հնարավոր էր բացահայտել, դա էլ չբացահայտվի: Իսկ դա մի դեպքում է լինում, երբ ձեռնտու չի բացահայտումը: Իսկ ո՞ւմ ձեռնտու չի բացահայտումը` ով որ մեղք ունի»: Իսկ պատգամավոր Արեգ Ղուկասյանը ասում է. - «Ես ասեմ, որ պատվիրատուների մասին խոսելը մի քիչ ավելորդ է: ես չեմ կարծում, որ տխրահռչակ Նաիրի Հունանյանը գիտի, թե ով է պատվիրատուն: Իմ կարծիքով, նրան զոմբիացրել էին»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Իշխանության որեւէ ներկայացուցչի հարցնում ես որեւէ պարզ բան, օրինակ` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման վերաբերյալ, իսկ պատասխանը ինչպես պատճենահանում. - «Նախագահն ասել է», «Նախագահի ուղերձում գրված էր», «Նախագահը հավաստիացրել է», եւ այդ կարգի այլ պատասխաններ: Երբ Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի որեւէ առիթով հարցնում ես այս կամ այն ոլորտում առկա թերության հարցում նախագահի դերակատարության մասին, պատասխանն անմիջապես հնչում է, թե երկրում ամեն բանի համար չէ, որ պատասխանատու է հենց նախագահը: «Մենակ նախագահը չէ այս երկրում»: Իրականում Հայաստանում ակնհայտորեն կառուցվում է մոնոլիտ իշխանություն: Դա պարզ դարձավ դեռ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր համար ապահովեց բացարձակ մեծամասնություն: Նկատի ունենալով, որ խորհրդարանի ընտրության, իսկ հետո նաեւ դրան հաջորդած նախագահի խայտառակ ընտրության արդյունքը արժանացավ Արեւմուտքի հավանությանը, Ռուսաստանի մասին էլ չասած, կարող ենք վստահ լինել, որ Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանությունը գոհացուցիչ էր արտաքին աշխարհի համար: Դա նաեւ հասկանալի է: Բացարձակ իշխանությունը այն կրող անձին զրկում է մանեւրի հնարավորությունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG