Մատչելիության հղումներ

Լրացավ «Հոկտեմբերի 27»-ի 10-րդ տարին


Հոկտեմբերի 27. 10 տարի անց
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00


Այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տասնամյա տարելիցն է: Ե'վ երկրի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ե'ւ ընդդիմությունը Եռաբլուրում ու Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին ոճրագործության զոհերի հիշատակին:

Եռաբլուր պանթեոն, 27 հոկտեմբերի, 2009

Երկրի ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում ահաբեկչության զոհերի հիշատակին


Առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Եռաբլուր, ուր ծաղիկներ դրեց հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Նախագահը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ չի կարծում, թե այսօր այն օրն է, որ պետք է հարցերի պատասխանի:

Ազգային ժողովի բակում բացվեց հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հուշակոթողը


Եռաբլուրից Սերժ Սարգսյանը ուղեւորվեց Ազգային ժողով, որի այգում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական գործիչներ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը:

Ազգային ժողովի բակում բացվեց հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հուշակոթողը
Խորհրդարանի բակում սպասում էին գլխավոր դատախազը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, ոստիկանապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներից ներկա էին Վազգեն Սարգսյանի ծնողները, Կարեն Դեմիրճյանի որդին եւ այրին, Յուրի Բախշյանի եւ մյուս զոհերի կանայք։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ելույթով. - «Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Ազգային ժողովի այգում կանգնեցված մեծանուն գեղանկարիչ ու քանդակագործ Երվանդ Քոչարի կերտած այս հրաշագեղ ստեղծագործությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ»։

Խոսքով հանդես եկավ նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։

Հովիկ Աբրահամյան. Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին Ազգային ժողովի այգում կանգնեցված այս հրաշագեղ ստեղծագործությունը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ ...
«27-ի ոճրագործությունը աննախադեպ է իր դաժանությամբ։ Տատանեց մեր պետականության հիմքերը, շատ հարցեր մնացին չբացահայտված», - փաստեց նա։

Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց հուշակոթողը Ազգային ժողովի ճաղերի ներսում կանգնեցնելու կապակցությամբ։

«Լավ կլիներ, որ հասարակությանը հասու լիներ։ Բայց բերեցին այստեղ, որովհետեւ կա մեղքի զգացում, որը թույլ չի տալիս ամբողջ հասարակությանը հստակորեն ասել՝ ո'չ ահաբեկչությանը։ Ոչ մեկի խոսքում չի ասվում, որ սա պետական ահաբեկչություն էր», - հայտարարեց Անահիտ Բախշյանը։

Ստեփան Դեմիրճյան. «Ամեն ինչ արվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոծկելու համար»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները այսօր նախ ժամը 13-ին այցելեցին Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական ահաբեկչության զոհը դարձած Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք է մատուցում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին
ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց լրագրողների հետ խոսել հոկտեմբերի 27-ի մասին՝ խորհուրդ տալով սերտել եւ բոլոր հարցերի պատասխանները գտնել Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։

«Այս 10 տարվա ընթացքում քանի՞ անգամ եմ խոսել այս մասին, ամեն ինչ ասված է», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Տարելիցի կապակցությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Հոկտեմբերի 27-ը պետական հեղաշրջմամբ իրականացված իշխանության բռնազավթում էր ահաբեկչության ճանապարհով։ Տաս տարի անց դեռ օդում կախված է փաստաբանների եւ զոհերի հարազատների միաբերան հայտարարությունը՝ «Հոկտեմբերի 27-ը չի բացահայտվի այս իշխանության պայմաններում»: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մնալու է որպես հայկական պետականության ճակատի ամոթալի խարանը, քանի դեռ չեն բացահայտվել հրեշավոր այդ մտահղացման հեղինակներն ու պատվիրատուները»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ասաց. - «10 տարի է անցել այդ աննախադեպ ոճրագործությունից, եւ 10 տարի անց այդ դաժան ոճրագործության հետեւանքները հաղթահարված չեն։ Մեր գնահատականները հայտնի են. ոչինչ չարվեց իշխանության կողմից այդ հանցագործությունը կանխելու համար, եւ հակառակը՝ ամեն ինչ արվեց այն կոծկելու համար»։

ՀԺԿ-ի առաջնորդը նաեւ հավելեց, որ հոկտեմբերի 27-ը անպայման բացահայտվելու է՝ «բայց, իհարկե, մենք չենք ակնկալում դա այս իշխանության օրոք»։

Պանթեոնից ընդդիմության ներկայացուցիչները այցելեցին Եռաբլուր՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին, որտեղ նրանց դիմավորեցին Վազգեն Սարգսյանի ծնողները։

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձեւը ոչ թե հուշարձաններ, արձաններ բացելն է, այլ հոկտեմբերի 27-ը բացահայտելը ...
Կոմիտասի անվան պանթեոնում եւ Եռաբլուրում էր նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ով վարում էր հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը։ Ջհանգիրյանը հրաժարվեց մեկնաբանություններից, ասելով՝ «ոչ, չի կարելի»։

Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Բոլոր զոհվածների հարազատների համար էլ 10 տարի, 10 օր, թե 10 ժամ՝ որեւէ տարբերություն չկա, եւ այս առումով՝ խնդիրները մնացել են նույնը։ Իրենց բացակայությամբ այդ խնդիրները լուծելը էլ ավելի է բարդացել, եւ այն, ինչ հնարավոր էր սրանից 10 տարի առաջ անել, հիմա անհամեմատ ավելի դժվար ու բարդ է դարձել, որովհետեւ կոտրված ենք, հոգով ենք կոտրված»։

Արամ Սարգսյանը հավելեց, թե հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձեւը՝ «ոչ թե հուշարձաններ, արձաններ բացելն է, այլ հոկտեմբերի 27-ը բացահայտելը»։

«Ավելին, Վազգենին հարգող մարդիկ Վազգենի ընկեր Մուշեղ Սաղաթելյանին, Սասուն Միքայելյանին, Ժոռա Սափեյանին, Մուկուչ Սափեյանին հակառակ տեսակետ ասելու համար բանտերում չէին նստեցնի», - հայտարարեց Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը


1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն ՝ գնդակահարելով 8 պետական գործիչների:

Ահաբեկչությանը զոհ դարձան Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց:
XS
SM
MD
LG