Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հակադարձում է ՀԲ-ի կառավարիչ-տնօրենին


Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երեւան, 26 հոկտեմբերի, 2009
Գագիկ Ծառուկյանը զրուցում է լրագրողների հետ, Երեւան, 26 հոկտեմբերի, 2009

Հայաստանյան խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկուշաբթի օրը իր անհամաձայնությունը հնչեցրեց Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլայի՝ անցած շաբաթ Երեւանում արած հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունն ունի օլիգոպոլ կառուցվածք:

«Իհարկե, ոչ», - ի պատասխան լրագրողների հարցին, ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Նա երբեք ոչ մի բան չի հասկացել… Տնտեսությունը կզարգանա այն ժամանակ, երբ բոլորին հավասարաչափ հնարավորություն տրվի՝ բոլոր ոլորտներին: Եթե մարդիկ աթոռին թառած որոշումներ են կայացնում, այդպես չի կարող լինել»:

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի տնտեսական, սոցիալական իրավիճակը, Ծառուկյանը պատասխանեց. - «Բայց դա ամբողջ աշխարհով մեկ է ընդունված: Այսօր, դուք գիտեք, հենց Ամերիկայից վերցրած, որ այսքան մեծ-մեծ խոսում են, քաղաքներ են փակված, որը շատ էժանագին գներով վաճառվում են: Այսօր ճգնաժամ է. պետք է ամեն մեկս կարողանանք մեր չափով պիտանի լինել մեր երկրին, ոչ թե ամբողջը թողնել նախագահի կամ վարչապետ վրա: Այլ բոլորս պետք է կարողանանք… եթե ժամանակին կարողացել ենք օգտվել, հիմա էլ պետք է կարողանանք մեր օգտվածը ներդնելու մեր երկրի, մեր ապագայի կայունացման, զարգացման, բարելավման բարգավաճման գործի համար»:

«Հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, որ ամեն ինչի տեր են, կարիք չունեն ժողովրդի հաշվին գումար աշխատելու», - հայտարարեց Ծառուկյանը: - «Այսօր ես իմ նախարարին գումար եմ տալիս, որ ինքը իր աչքը չդնի ժողովրդի հաշվին հարստանալու»:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառավարությունում ներկայացված է չորս նախարարներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG