Մատչելիության հղումներ

Նոյեմբերից Եվրամիությունը եւ հարավկովկասյան երեք երկրները կսկսեն բանակցություններ վարել ընկերակցային համաձայնագրեր կնքելու շուրջ. հաջողության հասնելու դեպքում պաշտոնական Բաքուն, Երեւանը եւ Թբիլիսին ազատ մուտքի հնարավորություն կստանան եվրոպական շուկաներ, մինչդեռ քաղաքացիները կկարողանան առանց անցագրերի մուտք գործել եվրոպական երկրներ։

Համագործակցության այդ՝ առավել բարձր աստիճանին հասնելու համար, սակայն, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պարտավոր են մի շարք բարեփոխումներ իրականացնել քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։ Հենց այդ գործընթացի շուրջ են երկուշաբթի օրը ընթացել Եվրամիության եռյակի եւ երեք երկրների արտգործնախարարների բանակցությունները։ Հանդիպման ընթացքում, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահտո Լոբյակասը, պաշտոնական Երեւանը առավել շատ տեխնիկական եւ ֆինանասական, քան քաղաքական աջակցություն է ակնկալել Բրյուսելից.

«Քննարկումների ընթացում ես ընդգծեցի այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք ժողովուրդների անմիջական շփումներին եւ մուտքի անցագրերի տրամադրմանը մեր քաղաքացիներին», - համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Պաշտոնական Բաքուն ընդգծել է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու եւ «գրավյալ» տարածքները ազատագրելու անհրաժեշտությունը։

«Մենք խորապես համոզված ենք, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու հիմնական պայմանը գրավյալ տարածքներից հայկական զորամիավորումների դուրսբերումն է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ընդգծել. - «Դա է հաստատապես տարածաշրջանում հարատեւ խաղաղություն եւ զարգացում ապահովելու հիմնասյունը»։

Ասուլիսում պաշտոնական Բաքուն նաեւ անդրադարձել է էներգետիկ ծրագրերին եւ ընդգծել, թե այժմ այլընտրանքային ուղիներ է փնտրում իր պաշարները եվրոպական շուկա հասցնելու համար։ Ընդ որում, այդ հայտարարություններում Էլմար Մամեդյարովը որեւէ անդրադարձ չի կատարել Nabucco խողովակաշարին, որն անցնելու է Թուրքիայի տարածքով. այդ դիրքորոշման մասին Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո, պնդելով, թե թուրքական կողմի պայմաններն այլեւս ընդունելի չեն։

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ ժողովրդավարացման ուղղությամբ տրամադրված աջակցության ու խորհուրդների համար, եւ հորդորել է կառույցին առավել մեծ ջանքեր գործադրել հարավօսական եւ աբխազական հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ, կողմերը բարձր են գնահատել երկուշաթբի օրը ավարտված բանակցությունները: «Կարծում եմ՝ Եվրամիության եւ հարավկովկասյան երեք երկրների միջեւ հիմնականում լավ մթնոլորտ է տիրում», - հայտարարել է ներկայումս կառույցում նախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարար Կարել Բիլդտը։
XS
SM
MD
LG