Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 26-ը` աշխատանքի համար ամենաանօգուտ օ՞ր


Բրիտանիայում լուս տեսնող Daily Telegraph-ի վկայությամբ` այս հոկտեմբերի 26-ը աշխատանքի արդյունավետության առումով ամենաանօգուտ օրն է ամբողջ տարվա ընթացքում։

Ձմեռային ժամանակի անցնելուց հետո աշխատանքային առաջին շաբաթվա ընթացքում արդունավետությունը 50 տոկոսով նվազելու է, որովետեւ մոտալուտ ձմռան ժամանակաշրջանում ծառայողների մոտ դեպրեսիա է սկսվում, նրանք ավելի վատ են կատարում կամ էլ ընդհանրապես անտեսում են իրենց պարտականությունները։

Ըստ Daily Telegraph-ի, այդ տվյալները հաղորդել է 2 հազար մարդկանց շրջանում սոցիոլոգիական հարցում անցկացրած «Պրոմոտուր» ընկերությունը։

Հարցված բրիտանացիների 52 տոկոսը խոստովանել է, որ անցյալ տարի ձմեռային ժամանակի առաջին օրը դժվարությամբ է կատարել սովորական աշխատանքը, հարցվածների 14 տոկոսն ասել է, որ առաջին աշխատանքային շաբաթն այնքան ծանր է եղել, որ իրենք նույնիսկ քննարկել են այդ հարցը իրենց ղեկավարների հետ, իսկ 8 տոկոսը ընդհանրապես աշխատանքի չի գնացել` հայտնելով վատառողջ լինելու մասին։

«Ձմեռային մռայլ տրամադրությունը կատակ բան չէ», - ասել է առողջապահության խորագրի հեռուստահաղորդումների հեղինակ դոկտոր Քրիսթիան Ջեսենը եւ հավելել.- «Այն կարող է ազդել ձեր աշխատունակության վրա, թույլ չտալ կենտրոնանալ եւ զբաղվել ամենահասարակ առօրյա գործով, այն կարող է իջեցնել կոլեկտիվի կյանքում ներգրավված լինելու եւ պարտականությունները եռանդով կատարելու մղումը, բացասաբար ազդել գործընկերների փոխհարաբերությունների վրա, մարդուն դարձնել ներամփոփ եւ դյուրագրգիռ»։

Ջեսենի պարզաբանմամբ` ձմռան գալստյան ժամանակ հոգնածության եւ դեպրեսիայի զգացումը պայմանավորված է լույսի պակասով։ Շատ դեպքերում դա բավական ծանր է ազդում մարդկանց աշխատունակության վրա։ Մեծ Բրիտանիայում այդ կարգի խնդիրներ ունեցող մարդկանց թիվը մոտ երկու միլիոն է։

«Լավագույն միջոցը` լուսաբուժությունն է, ցերեկային ժամերին դրսում գտնվելը, իսկ փակ տեղերում` հիմնարկներում, բնակարաններում, վառ լուսավորություն ապահովելն է», - ասել է դոկտոր Ջեսենը։

Daily Telegraph-ի փոխանցմամբ` բրիտանացի հոգեբանները պարզել են, որ տարվա «ամենաերջանիկ» օրը հունիսի 20-ն է, որը նաեւ ամենալուսավորն է, մինչդեռ «ամենադեպրեսիվ» օրը հունվարի 22-ն է, որը տարվա «ամենամութ» օրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG