Մատչելիության հղումներ

Երկուշաբթի` օրվա երկրորդ կեսին Լյուքսեմբուրգում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Հանդիպման ժամանակ, Տիգրան Բալայանի վկայությամբ, քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը:

Նույն օրը Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում ասված է, մասնավորապես, որ «կառուցողական մթնոլորտում անցած աշխատանքային հանդիպումներում գնահատվել է բանակցությունների ներկայիս փուլը եւ դիտարկվել են հաջորդ քայլերը դեկտեմբերի 1-2-ը Աթենքում նախատեսված ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի հանդիպմանը ընդառաջ»: Միջնորդները հաղորդում են, որ նոյեմբերի սկզբին այցելելու են տարածաշրջան` «հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ շարունակելու նրանց հետ աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վրա»:

Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները Լյուքսեմբուրգում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել են Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG