Մատչելիության հղումներ

logo-print

Միջնորդների հետ Մինսկի խմբի հանդիպմանը Թուրքիան ներկայացրել է փոխարտգործնախարարը


Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Ռոբերտ Բրադկեն

Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Ռոբերտ Բրադկեն

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մինսկի խմբի անդամ մյուս պետությունների ներկայացուցիչների հետ օրերս Վիեննայում կայացած հանդիպմանը Թուրքիան ներկայացրել է փոխարտգործնախարար եւ Ադրբեջանում այդ երկրի նախկին դեսպան Ունալ Չեւիքյոզը:

Նման ձեւաչափով հանդիպումներ տեղի են ունենում եռամսյակը մեկ, եւ դրանց նպատակը, ինչպես նշված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելության քննարկումն է: Այդ հանդիպումներին Մինսկի խմբի անդամ երկրները սովորաբար ներկայացված են լինում դեսպանների մակարդակով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք որեւէ միտում չի՞ տեսնում Վիեննայի հանդիպմանը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի մասնակցության մեջ` հաշվի առնելով հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման ֆոնին Թուրքիայի պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող դուրս մնալ հայ - թուրքական օրակարգից, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը արձագանքեց. - «Ես միտում չեմ տեսնում եւ նաեւ հակառակը ասեմ, որ Թուրքիայի հետ մենք Ղարաբաղյան գործընթաց չենք քննարկել եւ չենք էլ քննարկելու»:

Կա նաեւ տեղեկություն, թե Չեւիքյոզը Վիեննայում էր այլ նպատակով, եւ նրա ներկա գտնվելը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ուղղակի պատահականություն է, որը, սակայն, հնարավոր չեղավ ճշտել:

Քաղաքագետ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշված հանդիպմանը Թուրքիայի փոխարտգործնախարարի մասնակցության վերաբերյալ ասաց. - «Դժվար չէ ենթադրել, որ սա մտնում է հայ - թուրքական եւ Ղարաբաղյան հարցի հետ կապված այս ընդհանուր գործընթացների տրամաբանության մեջ: Այսօր, ըստ էության, Թուրքիան հանդիսանում է թերեւս ամենաակտիվ գործնական միջնորդը Ղարաբաղյան հարցում»:

«Ըստ էության` դրանք զուգահեռ գործընթացներ են, եւ ի սկզբանե նման պայմանավորվածություն է եղել, այս դեպքում պետք է ասել` նման նախապայման է եղել, գործընթացները զուգահեռաբար կընթանան», - պնդեց քաղաքագետը` կանխատեսելով. - «Իմ կարծիքով, ենթադրելի տարբերակներից մեկն այն է, որ առաջիկայում կհաստատվեն այդ [հայ - թուրքական] արձանագրությունները խորհրդարանների կողմից, այնուհետեւ անմիջապես, արդեն մի քիչ ավելի արագացված ռիթմով, տեղի կունենան Ղարաբաղյան հարցի հետ կապված որոշ գործընթացներ. ես նկատի ունեմ` մի քանի շրջանների վերադարձ, զինված ուժերի դուրսբերում եւ այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG