Մատչելիության հղումներ

logo-print

Ստոկհոլմում կայացել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման մեկնարկային համաժողովը


Անցած շաբաթ Եվրամիության նախագահող Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ստեղծման մեկնարկային համաժողովը, որում Հայաստանը ներկայացրել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց պետությունների եւ Եվրամիության անդամ պետությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում ներկայացվել են գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթ»-ի վերաբերյալ կողմերի առաջարկները։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` համաժողովը նախագահել է Շվեդիայի ներկայացուցիչ, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը:

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակը համաժողովում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` մեկ անգամ եւս ներկայացնելով այդ հարցում իր երկրի դիրքորոշումը, ինչը Հայաստանի Ազգային ժողովի եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը ապակառուցողական գործելակերպ է որակել եւ ընդգծել, որ հայկական կողմի համար անընդունելի կլինի, եթե Ադրբեջանը փորձի Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը վերածել կոնֆլիկտների լուծման ֆորմատի։

Նախնական պայմանավորվածությամբ` Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը բաղկացած կլինի 120 պատգամավորից. 60 պատգամավոր Եվրամիության անդամ պետություններից եւ 10-ական պատգամավոր գործընկեր պետություններից՝ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Բելառուսից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG