Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի ընտրություններում թեկնածուների առաջադրման փուլը ավարտին է մոտենում


Յուլիա Տիմոշենկո եւ Վիկտոր Յանուկովիչ
Յուլիա Տիմոշենկո եւ Վիկտոր Յանուկովիչ

Հունվարի 17-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրությունների` թեկնածուների առաջադրման փուլը ավարտին է մոտենում: Ուկրաինացի վերլուծաբանների կարծիքով` ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեն վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ կառավարության նախկին ղեկավար, Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը:

Յուլիա Տիմոշենկոն նախագահական հավակնություների մասին հայտարարել է շաբաթ օրը` Կիեւի կենտրոնում գտնվող Անկախության հրապարակում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ:

«Մեր մեղքը չէ, որ մեր ընտրած նախագահը երկրի շահերը պաշտպանելու փոխարեն դարձավ տեղական օլիգարխների տնային հավաքածուի մի մասը», - հայտարարել է Տիմոշենկոն, խոստանալով, որ ի տարբերություն գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի` ինքը նախեւառաջ պատրաստվում է բարելավել հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ: «Մենք իրավունք չունենք մեր ավանդական, բարեկամաբար տրամադրված հարեւանների հետ հակամարտության մեջ մտնել», - ասել է նա:

Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը Տիմոշենկոյի հիմնական մրցակցի` Վիկտոր Յանուկովիչի նախընտրական ծրագրի առանցքային կետն է:

«Արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինելու է Ռուսաստանի հետ լիարժեք գործընկերության հաստատումը», - հայտարարել է Յանուկովիչը Ռեգիոնների կուսակցության համագումարի ժամանակ:

Ուկրաինացի սոցիոլոգներն էլ նշում են, որ եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա Վիկտոր Յանուկովիչը կստանար քվեների 36, իսկ Յուլիա Տիմոշենկոն` 20 տոկոսը: Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, սոցիոլոգների համոզմամբ, հաղթելու որեւէ շանս չունի. նրա վարկանիշը չի գերազանցում 4 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG