Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 24-ի մամուլ


«Ազգ» օրաթերթը, հղում անելով ադրբեջանական Mil.az կայքէջին, տեղեկացնում է, որ երկրի ռազմական դոկտրինի նախագիծը, որտեղ Թուրքիան ներկայացված է որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, իսկ Հայաստանը` թշնամի, նորից գտնվում է վերամշակման փուլում` Թուրքիա-Ադրբեջան ստեղծված լարվածության եւ Թուրքիայի ղեկավարության ու Հայաստանի միջեւ սկսված մերձեցման գործընթացների պատճառով. - «Կայքէջը նշում է, որ ավելի վաղ նախատեսվում էր, որ դոկտրինը այս տարի քննարկման կդրվի եւ կհաստատվի Ադրբեջանի Միլի մեջլիսում, սակայն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Բաքուն որոշել է չշտապել, քանի որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության շարունակման դեպքում չի բացառվում, որ Թուրքիան կարող է զրկվել «ռազմավարական գործընկեր» կարգավիճակից։ Տեղեկացնենք նաեւ, որ ադրբեջանական ռազմական դոկտրինը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել ռուս-վրացական պատերազմից հետո»:

«Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբ Սերժ Սարգսյանը ասում է, որ Թուրքիայի կողմից ոչ կառուցողական քայլերի դեպքում միջազգային հանրությունը իր խոսքը պիտի ասի, ես հիշում եմ Խրիմյան հայրիկին եւ թղթե շերեփի մասին նրա հայտնի արտահայտությունը։ Ես հիշում եմ այն ժամանակները, երբ Սեւրի պայմանագրի ստորագրման առիթով հայոց լրագրերը տոնական գլխագրերով էին լույս տեսնում։ Պայմանագիրը ստորագրված էր, միջազգային հանրությունը ասել էր իր խոսքը, թղթի վրա գրված էր, որ Հայաստանը պետք է լինի մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող անկախ պետություն, այնպես, ինչպես հայ-թուրքական արձանագրություններում գրված չէ Լեռնային Ղարաբաղի հարցի եւ հայ-թուրքական սահմանի բացման փոխկապակցվածության մասին։ Բայց հավատալ, որ հայ-թուրքական սահմանի բացումը բանակցային այս իրավիճակում, այսպիսի արձանագրություններով, ուժերի այսպիսի հարաբերակցությամբ չի հանգեցնելու ԼՂ հակամարտության գոտում հաստատված ստատուս-քվոյի՝ մեզ համար ցավալի փոփոխությունների, կնշանակի միջազգային հարաբերությունների, ռեալպոլիտիկի հորձանուտը մտնել Ձմեռ պապիկի կանխավարկածով»։

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հետ, ով ասում է. - «Ի՞նչ կարող է տալ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը։ Առաջին հերթին՝ դա որակապես փոխում է տարածաշրջանում տնտեսական կապերի բնույթը՝ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից։ Կարող է տարօրինակ թվալ, բայց Վրաստանից մինչեւ Պարսից ծոց, Սիրիայից մինչեւ Միջին Ասիա՝ ամբողջ այս աշխարհաքաղաքական տարածաշրջանի տնտեսական հարաբերությունների մթնոլորտն է փոխվում, որովհետեւ բացվում է շատ կարեւոր մի խաչմերուկ, որ առ այսօր փակ էր Թուրքիայի անհեռանկար քաղաքականության հետեւանքով»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչո՞ւ ընդդիմությունն ակտիվ չէ։ Այդ հարցը հաճախ են տալիս հասարակ մարդիկ՝ անկեղծ, եւ իշխանության կողմնակիցները՝ կեղծ մտահոգությամբ։ Ի՞նչ է հասկացվում ակտիվության տակ։ Հարձակում նախագահական նստավայրի վրա՞։ Բայց դա ոչ թե ակտիվություն կլինի, այլ ավանտյուրա, որին, հուսով եմ, Հայաստանում ոչ մի ընդդիմություն չի գնա։ Եթե խոսքը օրենքի եւ բանականության սահմաններում ակտիվության մասին է, ապա այն չի կարող դատարկ տեղը ծնվել։ Եթե ընդդիմադիր զանգվածը Հայաստանում պարզապես փնթփնթում է, բայց չի եռում, ընդդիմության ակտիվության մասին խոսակցությունները զուտ տեսական բնույթ են կրում։ Ճիշտ նույնքան տեսական է այն հարցը, որն ինձ հաճախ տալիս են փողոցում. «Ի՞նչ եք կարծում, Լեւոնը մի բան կկարողանա՞ անել»։ Չնայած դա ակնհայտ է, բայց, համենայնդեպս, նշեմ. ասելով «ընդդիմություն»՝ նկատի ունեմ Կոնգրեսին, ոչ՝ Դաշնակցությանը։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ընդվզել դիվանագիտական փաստաթղթի դեմ, բայց չընդվզել, երբ քո հավանած նախագահի թիկնապահը մարդ է սպանում՝ «շեֆին» սխալ բարեւելու համար։ Դաշնակցությունը կարող է ստանձնել ընդդիմության դերը ճիշտ այնպես, ինչպես Գրիգոր Ամալյանը կոչված է ապահովել բազմակարծությունը եթերում»։

«168 ժամ»-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ասում է. - «Լեգիտիմության բացակայությունը զրկել է Հայաստանի իշխանություններին որեւէ կերպ արտաքին ճնշումներին դիմակայելու [հնարավորությունից]։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարիք չունեն միջնորդավորված լինելու, ինչին գնաց այս իշխանությունը։ Եվ հիմա նրանք ասում են, թե միջնորդների միջոցով Թուրքիայի վրա ճնշում կգործադրվի։ Իսկ ես կարծում եմ, որի իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան է ճնշում գործադրում միջնորդների վրա, որպեսզի արագացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ինչը Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը բացահայտում է իր պաշտոնական հայտարարություններով։ Թուրքիան նաեւ հայտարարում է, որ այս արձանագրությունների ստորագրումը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր ծրագրի մի մասն է։ Դա կրկին անգամ է ապացուցում, որ Հայաստանի իշխանությունները հանուն սեփական իշխանության երկարաձգման համաձայնել են գործարքի, որն ունի երկու բաղադրիչ՝ ցեղասպանության փաստը հարցականի տակ դնելը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում միակողմանի զիջումների գնալը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG