Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը փորձում է փարատել Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների կասկածները


Չեխիա -- Ջո Բայդենը հարցազրույց է տալիս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 23-ը հոկտեմբերի 2009թ.
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում հայտարարել է, որ իրեն հաջողվել է փարատել տարածաշրջանում առկա կասկածները, թե իբր ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բարելավումը կարող է բացասաբար անդրադառնալ Արեւելյան Եվրոպայում Վաշինգտոնի դաշնակիցների վրա։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ-ի փոխնախագահը երեկ ասել է . - «Կարծում եմ, որ ես դա հստակեցրել եմ»։

Բայդենը ընդգծել է, որ Ռուսաստանը հիմնական դերակատարներից մեկն է տարածաշրջանում եւ կարող է էական ուժ լինել` դրական փոփոխությունների համար. - «Մենք փորձում ենք վերաբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն մենք չենք ջնջում անցյալը: Մենք հստակ ընդգծում ենք, որ կա երկու սկզբունք, որոնք քննարկման ենթակա չեն. առաջին` չպետք է լինեն ազդեցության ոլորտներ, եւ երկրորդ` ցանկացած պետություն պետք է անարգել իր որոշումը կայացնի` ցանկացած դաշինքի միանալու շուրջ»:

ԱՄՆ֊ի փոխնախագահը Պրահա էր ժամանել` հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ Վաշինգտոնի նոր ծրագիրը ներկայացնելու համար: Ավելի վաղ նա խնդրի շուրջ բանակցություններ էր վարել Լեհաստանի եւ Ռումինիայի իշխանությունների հետ:

Պաշտոնական Պրահան եւ Վարշավան վերջերս անհանգստություն էին հայտնել, որ Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգ տեղադրելու ծրագրերից հրաժարվելով՝ Վաշինգտոնը ընդունել է իր պարտությունը Մոսկվայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG