Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը «իշխանափոխություն է նախապատրաստում»


Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով այս փուլում կուսակցության ուղենիշներն ու առաջնահերթությունները՝ հայտարարեց, թե Դաշնակցությունն իշխանափոխություն է նախապատրաստում:

«Մենք իշխանափոխություն ենք նախապատրաստում այս ծրագրով: Սա է լինելու մեր ծրագիրը իշխանափոխության», - հայտարարեց նա՝ շարունակելով, թե իշխանափոխությունը նախապատրաստում են «շատ գեղեցիկ». - «Նորմալ, հարաճուն ընթացքով, ամեն օր մեր աջակցությունը ավելացնելով: Իշխանափոխությունը օդից չի գալիս»:

Հակադարձելով քաղաքական այն ուժերին, որոնք այսօր են դնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ Ռուստամյանը ասաց, թե իրենք «դեկլարատիվ հայտարարությունների կողմնակից չեն». - «Ավելի լավ է հասունացնել իշխանափոխությունը, քան հրաժարական պահանջել ու տանը նստել»:

«Հրաժարականի հարցը հասունանում է, երբ որ ստիպված է լինում հրաժարական տալ, որովհետեւ ավելի վատը կա: Կա, օրինակ, պաշտոնանկության պրոցեսը... Չարյաց փոքրագույնը ընտրում են՝ հրաժարվում են», - շարունակեց նա:

Դաշնակցությունը, սակայն, թեեւ հայտարարում է, որ «իշխանափոխություն է նախապատրաստում», կոնկրետ այս պահին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չի դնում, քանի որ դեռ հույս ունի, որ իշխանությունները չեն վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

«Ինչո՞ւ հիմա չենք ասում հրաժարական... որովհետեւ դեռ հույս ունենք եւ այս շանսն ուզում ենք տալ մեր իշխանություններին՝ չվավերացնել այս համաձայնագրերը: Որովհետեւ մեր նպատակը կանխելն է այս արձանագրությունների հիման վրա Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Ահա սա է հարցը, որ մենք միանգամից հրաժարականի հարց չենք դնում», - ասաց նա:

Հարցին, արդյոք Դաշնակցությանը Սերժ Սարգսյանի վերաբերմունքի փոփոխություն է նկատել այս հարցում, Ռուստամյանը արձագանքեց. - «Այո: Չի՞ երեւում ուղերձից»:

Այսօր հրապարակված պլատֆորմը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Ջավախքին, Սփյուռքին, ընտրական նոր համակարգի ձեւավորմանը, Հայաստանի ժողովրդավարացման եւ այլ խնդիրների:

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, մասնավորապես, ընդգծված է. - «Հայաստանի շրջափակման վերացումը պետք է լինի առանց նախապայմանների... Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանները պետք է գնահատվեն որպես անօրինական եւ ազգային արժանապատվությունը վիրավորող»:

Դաշնակցության համոզմամբ, պետք է բացառել «հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա գործընթացների փոխկապակցումը». - «Հայկական կողմերի (Հայաստան - Արցախ) փոխզիջումը չի կարող նահանջ արձանագրել Արցախի ժողովրդի՝ 1991թ.-ի անկախության եւ 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտած կամքից եւ պետք է լինի համարժեք եւ համաչափ Ադրբեջանի միաժամանակյա զիջումներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG