Մատչելիության հղումներ

Թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում ընտրություններին կմասնակցեն մեկական թեկնածուներ


Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում դեկտեմբերի 6-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորների լրացուցիչ ընտրություններին կմասնակցեն մեկական թեկնածուներ` Հանրապետական կուսակցության թեկնածու, անկուսակցական Կորյուն Նահապետյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը:

Հինգշաբթի երեկոյան ավարտվեց պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը, միայն այս երկու թեկնածուներն են ներկայացրել իրենց փաստաթղթերը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքում Կորյուն Նահապետյանից բացի ի սկզբանե առաջադրման դիմումներ էին ներկայացրել նաեւ այս ընտրատարածքի նախկին պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված, ապա համաներմամբ ազատ արձակված Հակոբ Հակոբյանը եւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, սակայն, ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանի, նրանք պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացրել: Հակոբ Հակոբյանի լիազոր ներկայացուցիչը, ըստ Գրիգորյանի, դիմել է ընտրական գրավը հետ ստանալու համար:

«Պատճառաբանություն չեն ներկայացրել», - ասաց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Ըստ համայնքում շրջանառվող լուրերի, որոնք, համենայն դեպս, չհերքեց Օլեգ Գրիգորյանը, Կորյուն Նահապետյանը այս համայնքում մեծ ազդեցություն ունեցող Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամն է: Ալեքսանյանի հետ նմանատիպ կապեր ունի նաեւ Հակոբ Հակոբյանը:

«Արդյո՞ք Հակոբյանը վերջին պահին զիջեց` հետագա խնդիրներից խուսափելու համար», - այս հարցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքեց. - «Հակոբ Հակոբյանը եւ Սամվել Ալեքսանյանը մոտիկ ընկերներ են, մտերիմ, եւ չեմ բացառում, որ, հնարավոր է, ձեր ենթադրությունները ճիշտ լինեն»:

Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե անիմաստ է համարել այս ընտրատարածքում ընտրապայքարի դուրս գալը:

Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում, որի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման է դատապարտվել, Մխիթար Հարությունյանից բացի առաջադրվել էին երկու անկուսակցականներ, որոնցից մեկը ինքնաբացարկ է հայտնել, իսկ մյուսը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Հիշյալ երկու ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է սեպտեմբերի 17-ին` հիմք ընդունելով Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին Ազգային ժողովի արձանագրությունները:

Խաչատուր Սուքիասյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ընտրությունները նշանակված են հունվարի 10-ին: Թեկնածուների առաջադրումն այստեղ սկսվելու է հոկտեմբերի 27-ից:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այդ ընտրատարածքում առաջադրվելու է սեփական նախաձեռնությամբ՝ ակնկալելով ընդդիմադիր ուժերի աջակցությունը:

«Ինքնառաջադրումը ավելի արդյունավետ եմ համարում, որովհետեւ դրանով ես կնպաստեմ, որ հասարակական որոշակի նոր խմբեր միանան պրոցեսին», - ասաց նա:

Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, որեւէ ձեւով չի մասնակցելու այս լրացուցիչ ընտրություններին: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե մասնակցությունը կհակասեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց պահանջին:

Թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն են հայտնել նաեւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն եւ Տիգրան Ուրիխանյանը (Հայաստանի առաջադիմական կուսակցություն):
XS
SM
MD
LG