Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է»


Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պատասխանում են լրագրողների հարցերին, Բաքու, 22 հոկտեմբերի, 2009

Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պատասխանում են լրագրողների հարցերին, Բաքու, 22 հոկտեմբերի, 2009

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հինգշաբթի օրը Բաքվում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում «այո» կամ «ոչ» չի պատասխանել հարցին` արդյոք Թուրքիան կբացի՞ Հայաստանի հետ սահմանը մինչեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը:

«Մեր նախագահը, վարչապետը եւ ես` որպես արտգործնախարար, բազմիցս ներկայացրել ենք մեր դիրքորոշումը», - ասել է Դավութօղլուն: - «Խորհրդարանում երեկվա իմ ելույթում ես ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան կարեւոր է, որքան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, եւ մեզ համար դա ռազմավարական առաջնահերթություն է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, բարգավաճումից, կայունությունից եւ թուրք - ադրբեջանական բարեկամությունից ավելի թանկ ոչ մի բան չի կարող լինել, քանի որ դա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է, եւ կարելի է ասել, որ դուք ստացաք հարցի պատասխանը»:

Շարունակելով` նա սկսել է պարզաբանել, թե ստեղծված իրավիճակը արդյոք համապատասխանո՞ւմ է Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի շահերին: Հավաստիացնելով, որ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին, նա ասել է, թե «պետք է մտածել ստեղծված իրավիճակը փոխելու մասին, ճանապարհներ գտնել` վերջ տալու հայկական 17 տարվա օկուպացիային»:

«Ե'վ [հայ - թուրքական] արձանագրությունները ստորագրելու օրը, ե'ւ դրանից առաջ, ե'ւ դրանից հետո մենք ամբողջ աշխարհին հայտարարել ենք. Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների նորմալացումը կարող է տեղի ունենալ, եթե տարածաշրջանում սկսվի նորմալացման լայն գործընթաց: Դա նշանակում է, որ պետք է լուծվի եւ հայ - ադրբեջանական հակամարտությունը», - ասել է Դավութօղլուն:

«Ինչպե՞ս է այն հնարավոր լուծել», - իր այս հարցին էլ Դավութօղլուն պատասխանել է. - «Իհարկե, օկուպացիային վերջ տալու ճանապարհով: Սա այնքան ակնհայտ դիրքորոշում է, որ Ադրբեջանում ոչ մեկի մոտ չպետք է կասկածներ մնան: Ադրբեջանի օկուպացված տարածքները մենք համարում ենք մեր հողերը եւ կշարունակենք պայքարը դրանք ազատելու համար: Մենք գտնում ենք, որ ստորագրված արձանագրությունները կխթանեն այդ գործընթացը»:

Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե վերջին 5 տարիների ընթացքում այդ ուղղությամբ առաջընթաց կա: Մասնավորապես, ըստ նրա, Թուրքիայի կովկասյան քաղաքականության արդյունքում Լաչին է մեկնել մի պատվիրակություն` տեխնիկական զննություն կատարելու համար:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ միջազգային բոլոր հանդիպումներում առաջին հերթին բարձրացնում են Ղարաբաղի հարցը: «Ցյուրիխում Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը մենք նորից բարձրացրել ենք այդ հարցը: Քանի դեռ ես Բաքվում եմ, մեր արտգործնախարարության ներկայացուցիչը Վիեննայում մասնակցում է [ԵԱՀԿ-ի] Մինսկի խմբի հանդիպմանը», - ասել է Դավութօղլուն:

«Հետագայում եւս Թուրքիան ամեն տեղ բարձրացնելու է Ղարաբաղի հարցը, նույնիսկ եթե դա չանի Ադրբեջանը: Դա մեր ազգային հարցերից մեկն է: Մենք տարբերություն չենք դնում ադրբեջանական ու թուրքական հողերի միջեւ, ադրբեջանական ու թուրքական դրոշների միջեւ», - Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG