Մատչելիության հղումներ

Ռուս - թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն


«Ռուբին»-ի ֆուտբոլիստները խփած գոլից հետո շնորհավորում են միմյանց, Բարսելոնա, 20 հոկտեմբերի, 2009
«Ռուբին»-ի ֆուտբոլիստները խփած գոլից հետո շնորհավորում են միմյանց, Բարսելոնա, 20 հոկտեմբերի, 2009

USA Today ամերիկյան օրաթերթի փոխանցմամբ` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին այն բանի համար, որ... Կազանի «Ռուբին» ֆուտբոլային ակումբի թուրք հարձակվող Գոքդենիզ Քարադենիզի գոլի շնորհիվ ռուսաստանյան ակումբը Իսպանիայում պարտության մատնեց «Բարսելոնա»-ին։

Պուտինը հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին։ Նրանց հեռուստակապով միացել է նաեւ Էրդողանը։ Կողմերը քննարկել են «Հարավային հոսք» անդրջրյա գազատար խողովակաշարի կառուցումը նախատեսված ժամկետից շուտ ավարտելու եւ այն շահագործման հանձնելու խնդիրը։

«Թուրք ֆուտբոլիստն է խփել հաղթական գոլը, եւ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ», - Թուրքիայի վարչապետին ասել է Պուտինը։

Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին էլ Պուտինին կատակով ասել է. - «Տեսեք, վնաս չհասցնեք ռուս - իսպանական դիվանագիտական կապերին»։

«Ռուսաստանում կան «Բարսելոնա»-ի երկրպագուներ, այդ թիմը մեծ հարգանք է վայելում մեր երկրում, բայց սա` սպորտ է, ռուսաստանյան ակումբն այս անգամ ավելի ուժեղ գտնվեց` շնորհիվ թուրք ֆուտբոլիստի», - ասել է Պուտինը։

Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարի F խմբում հոկտեմբերի 20-ին «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» շքեղ մարզադաշտում ընդունել էր Ռուսաստանի չեմպիոնին` Եվրոպայում քչերին հայտնի Կազանի «Ռուբին»-ին։ Հյուրերը հաղթանակ տարան 2:1 հաշվով:

Հանդիպման 75-րդ վայրկյանին հաշիվը բացեց Ալեքսանդր Ռյազանցեւը։ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 48-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն 72-րդ րոպեին թուրք հարձակվող Քարադենիզը երկրորդ գոլը խփեց եւ ապահովեց «Ռուբին»-ի սենսացիոն հաղթանակը։

USA Today-ը հաղորդում է, որ այդ հաղթանակի առիթով Սիլվիո Բեռլուսկոնին Սանկտ Պետերբուրգում շնորհավորել է Պուտինին, վերջինս էլ, իր հերթին, իտալացի պաշտոնակցին շնորհավորել է Չեմպիոնների լիգայի C խմբում հոկտեմբերի 21-ին Մադրիդում «Ռեալ»-ի նկատմամբ «Միլան»-ի տարած 3-2 հաշվով հաղթանակի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG