Մատչելիության հղումներ

Ալիեւը եւ Դավութօղլուն քննարկել են Ղարաբաղի եւ հայ - թուրքական երկխոսության հարցերը


Ահմեդ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը այցելում են «Շեհիդների ծառուղի», Բաքու, 22 հոկտեմբերի, 2009
Ահմեդ Դավութօղլուն եւ Էլմար Մամեդյարովը այցելում են «Շեհիդների ծառուղի», Բաքու, 22 հոկտեմբերի, 2009

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը ընդունել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուին, ով Բաքվում մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) արտգործնախարարների խորհրդի նիստին:

«Թրենդ» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն` Թուրքիայի արտգործնախարարը Ալիեւին փոխանցել է նախագահ Աբդուլա Գյուլի ողջույնները, Ալիեւը, իր հերթին, Դավութօղլուին խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել Թուրքիայի նախագահին։

«Թրենդ»-ը չմանրամասնելով նշում է, որ Դավութօղլուն եւ Ալիեւը քննարկել են ոչ միայն թուրք - ադրբեջանական հարաբերություններին, այլեւ հայ - ադրբեջանական հակամարտությանը եւ հայ - թուրքական երկխոսությանը վերաբերող հարցեր։

Նույն օրը ավելի վաղ ՍԾՏՀ-ի արտգործնախարարների նիստի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Բացի այդ, Էլմար Մամեդյարովն ու Ահմեդ Դավութօղլուն միասին այցելել են «Շեհիդների (նահատակների) ծառուղի» եւ այնտեղ հայտնել են լրագրողներին, որ քննարկել են դրոշների հետ կապված միջադեպերի հարցը։

Հոկտեմբերի 14-ին Բուրսայում Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների հանդիպման օրը արգելվել էր մարզադաշտ բերել Ադրբեջանի դրոշը։ Դա հարուցել էր ադրբեջանցիների վրդովմունքը, Բաքվում տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ, երկու երկրները փոխանակել են դիվանագիտական նոտաներ, իսկ «Շեհիդների ծառուղուց» հանվել էր Թուրքիայի դրոշը։

«Հուսով ենք, որ մոտ ապագայում «Շեհիդների ծառուղում» նորից կծածանվի Թուրքիայի դրոշը», - ասել է Ահմեդ Դավութօղլուն եւ հավելել, որ «Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներն եւ դրոշները միասնական են»։

Էլմար Մամեդյարովն էլ հաստատել է, որ դրոշների շուրջ ծագած վեճն անպայման կկարգավորվի։

Սեւծովյան տնտեսական կազմակերպության արտգործնախարարների խորհրդի` հինգշաբթի օրը Բաքվում կայացած 21-րդ նիստին Հայաստանից մասնակցել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը։

Նիստի ավարտին կազմակերպության նախագահությունը Ադրբեջանը փոխանցել է Բուլղարիային։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG