Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ես համոզված եմ, որ կան սթափ լուծումներ»


Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Արցախի հանրային հեռուստատեսությանը, 22 հոկտեմբերի, 2009
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս Արցախի հանրային հեռուստատեսությանը, 22 հոկտեմբերի, 2009

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում էր, հինգշաբթի օրը պատասխանել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցերին

Մեկնաբանելով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ձեռք են բերվել համաձայնություններ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները վերադարձնելու շուրջ, եւ հակադարձելով Իլհամ Ալիեւի հնչեցրածին, թե այդ համաձայնությունները ձեռք են բերվել տարիներ առաջ ու Հայաստանն է ձգձգում բանակցությունը, Սերժ Սարգսյանը ասել է, թե այդ հարցին արդեն անդրադարձել է եւ ավելացնելու բան չունի:

«Ուղղակի մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել, որ մենք շատ լրջորեն եւ պատասխանատվությամբ ենք մոտենում բանակցային ողջ գործընթացին: Ավելի շահագրգիռ կողմ, քան Լեռնային Ղարաբաղն է, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է` չկա: Եւ հենց Լեռնային Ղարաբաղն է ցանկանում, որպեսզի օր առաջ լուծվի այս խնդիրը», - հավելել է Հայաստանի նախագահը: - «Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են»:

Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը փնտրում է «իրատեսական լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն եւ այն կլինի տեւական». - «Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ` ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ»:

«Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել», - շարունակել է Սերժ Սարգսյանը: - «Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին եւ, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը… Կարծում եմ` ճիշտ կլինի, որ ե՛ւ մենք, ե՛ւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին»:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով բանակի մարտունակությանը վերաբերող հարցին, ասել է. - «Այսպիսի այցելությունները նպատակ են հետապնդում մարտական դիրքերում, զորամասերում ծանոթանալու առաջընթացին, այն խնդիրների կատարման ընթացքին, որոնք առկա են զորքերի առօրյայում կամ նախորդ այցելությունների ժամանակ դրվել է նրանց առջեւ: Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է առանձնասենյակի մանրահատակի վրա ճեմելով` խոսել զորքերի մարտունակության, դրանց մարտական ոգու կամ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին»:

«Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերը հիմա զարգացման փուլ են ապրում: Նրանք վաղուց արդեն կայացել են, եւ մենք ունենք իրոք մարտունակ զինված ուժեր` ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, որոնք ունեն զինված մարդկանց հոծ խմբեր: Իսկ դրանք տարբեր բաներ են», - շարունակել է Սերժ Սարգսյանը: - «Մարտական ստորաբաժանումների այսօրվա վիճակը, նրանց զինվածությունը, մարտական ոգին եւ տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ են տալիս միանշանակ եզրակացնել, որ մեր զինված ուժերը կոնկրետ այս հատվածում պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG