Մատչելիության հղումներ

ՍԾՏՀ-ի նախագահությունը Ադրբեջանից փոխանցվեց Բուլղարիային


Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) արտգործնախարարների խորհրդի` այսօր Բաքվում կայացած հանդիպման ավարտին կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից փոխանցվել է Բուլղարիային:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը, որը վարել է Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը, մասնակցել են ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրների պատվիրակությունները, այդ թվում Հայաստանի պատվիրակությունը` փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Խորհուրդը քննարկել եւ ընդունել է ՍԾՏՀ-ի գործունեության արդյունավետության բարելավման, ՍԾՏՀ-ի եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Եվրամիության միջեւ գործակցության եւ ՍԾՏՀ-ի շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին առնչվող մի շարք կարեւոր որոշումներ:

Իր ելույթում Արման Կիրակոսյանն անդրադարձել է ՍԾՏՀ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները: Նա կարեւորել է առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական: Այդ համատեքստում նա հիշատակել է հայ - թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում:

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարեւորությունը տարածաշրջանային եւ մասնավորապես, ՍԾՏՀ-ի շրջանակներում, համագործակցության զարգացման եւ խորացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG