Մատչելիության հղումներ

Մինչեւ ՍԴ ներկայացվելը արձանագրությունները պետք է «անցնեն որոշակի ընթացակարգ»


Գագիկ Հարությունյան
Գագիկ Հարությունյան

Հայաստանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները դեռեւս չեն ներկայացվել ՍԴ:

Հարությունյանը հավելեց, որ այս օրերին Սահմանադրական դատարանն արդեն ստացել է մի շարք այլ միջազգային պայմանագրեր, որոնց մեջ բացակայում են նշված արձանագրությունները։ Ավելացրեց, թե դատարանի նիստերը պլանավորված են մինչեւ գալիք տարվա հունվարի վերջը:

«Դրանք, ընդհանրապես, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համապատասխան, նախ պետք է միջգերատեսչական ընթացակարգ անցնեն: Միջգերատեսչական ընթակարգից հետո ներկայացվում է արտաքին գործերի նախարարություն: Արտաքին գործերի նախարարությունը բոլոր փաստաթղթերը հավաքելուց հետո ներկայացնում է նախագահին, նոր նախագահը ներկայացնում է մեզ», - պարզաբանեց Գագիկ Հարությունյանը: - «Ես որքան գիտեմ, դրանք պետք է այդ փուլը ավարտեն, նոր հետո պարզ լինի՝ երբ են մեզ ներկայացնելու»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էր նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել, թե նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս Սահմանադրական դատարան կներկայացնի հայ-թուրքական արձանագրությունները, որպեսզի վերջինս քննի դրանց համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը:

Հարությունյանը հիշեցրեց, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, ցանկացած միջազգային պայմանագիր մինչեւ Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը` պարտադիր քննվում է Սահմանադրական դատարանում, որպեսզի պարզվի, թե պետության կողմից տվյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չե՞ն հակասում արդյոք մեր սահմանադրությունը։ Եթե հակասություն չկա, նոր միայն պայմանագիրը ներկայացվում է Ազգային ժողովի վավերացմանը։

«Սովորաբար միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման համար սահմանված է եռամսյա ժամկետ: Իսկ Սահմանադրական դատարանը ինքն է որոշում՝ այդ եռամսյա ժամկետում ինչ ժամկետում կարող է քննարկել», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG